10 յուրահատուկ փաստ Եղիսաբեթ II-ի մասին

Եղիսաբեթ II-ը գահակալության տևողության ռեկորդ  է սահմանել բրիտանական միապետերի շարքում, իսկ բրիտանական ԶԼՄ-ները թագուհու մասին յուրահատուկ փաստեր են ներկայացրել:

Այսպես, լրագրողները հաշվել են, որ կառավարման 63 տարիների ընթացքում Եղիսաբեթ II-ն արել է 256 պաշտոնական այց 129 երկիր: Հետաքրքիր է, որ այդ ուղևորություններից ոչ մեկի ժամանակ թագուհուն անձնագիր պետք չի եկել, որը նա ընդհանրապես չունի: Բացի դրանից, քչերը գիտեն, որ Եղիսաբեթ II-ը սահուն ֆրանսերեն է խոսում և արտասահմանում հաճախ օգտագործում է այդ հմտությունը՝ չդիմելով թարգմանչի ծառայությունների:

Թեյի հայտնի սիրահար թագուհին, ինչպես հաջողվել է պարզել լրագրողներին, նախընտրում է Earl Grey տեսակը, իսկ ճաշից առաջ միապետը մեկ բաժակ ջին է խմում: Բուքինգհեմյան պալատում տոնական ճաշերի դեպքում Եղիսաբեթ II-ը միշտ անձամբ է ստուգում սպասքավորումը, որպեսզի բարձրաստիճան հյուրերի գալուց առաջ գլխավոր սեղանին ամեն ինչ իդեալական լինի:

Ոչ բոլորին է հայտնի, որ թագուհին կարող էր ամուսնանալ դեռևս 17 տարեկանում իր ներկայիս ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ: Սակայն այն ժամանակ Եղիսաբեթ II-ի ծնողները համարել են, որ նա պատրաստ չէ ամուսնության և Ֆիլիպի առաջարկին համաձայնվել են միայն 4 տարի անց:

Երկրում թագուհուն անվանում են «Լիլիբեթ», սակայն ընտանեկան շրջանակում ամուսինը նրան «Կաղամբիկ» (cabbage) է կոչում: Սակայն ընտանեկան կյանքը ոչ միշտ է միայն ուրախություն պարգևել. մի անգամ Ավստրալիա այցի ժամանակ լրագրողները նկարահանել են բուռն տեսարան, երբ Եղիսաբեթ II-ը, շշուկների համաձայն, նույնիսկ ամուսնու վրա թենիսի կոշիկներ է նետել: Սակայն մեծ հարգանքից ելնելով, որ բոլոր բրիտանացիները տածում են միապետի հանդեպ, այդ տեսանյութը փոխանցվել է Բուքինգհեմյան պալատ և երբեք չի հրապարակվել:

ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ կառավարման ողջ ընթացքում Եղիսաբեթ II-ը երկրի տնտեսությանը 57 մլրդ ֆունտ (87 մլրդ դոլար) է բերել: Ծախսերի մասին լրագրողները լռում են:

Աղբյուրը՝ armedia.am