Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ Եվրախորհրդարանի օրակարգում

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված աղետալի իրավիճակը քննարկման առարկա է դարձել Եվրախորհրդարանում: Պլենար նստաշրջանի ընթացքում քննարկվել են ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևի նախագիծ: Նախագծի հեղինակը լիբերալ-դեմոկրատական խմբակցությունն է:

Բանաձևն անդրադառնում է Ադրբեջանում բռնաճնշումների և ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվաքանակի աճին: Այդ կապակցությամբ առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ:

Բանաձևի նախագծում առաջարկվում է նաև կոչ անել ադրբեջանական իշխանություններին չեղարկել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու մասին որոշումը և շարունակել այս կառույցի հետ համագործակցությունը:

Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում Եվրամիության երկրներին, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությանը հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելուց: «Ներկայիս պայմաններում դիտորդների գործուղումն անիմաստ է և կծառայի լուրջ խախտումներով ընտրությունների լեգիտիմացմանը», – ասվում է բանաձևի նախագծում:

Ադրբեջանական իշխանությունները Եվրոպայի՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները դիտարկում են բացառապես որպես «Արևմուտքի կողմից Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու և երկրում «Մայդան» իրականացնելու» փորձ՝ հերքելով իրավունքների խախտման փաստը: Նման հայտարարությամբ օրերս հանդես էր եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս հայտարարությունների ֆոնին Բաքուն մտադիր է դատական հայց ներկայացնել ֆրանսիական France 2 պետական հեռուստաալիքի դեմ՝ լրագրողական հետաքննության համար: Այս մասին Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվյե Պրադոյին հղումով հայտնում է France-Presse գործակալությունը։ «Ամբողջ հաղորդման ընթացքում, առանց որևէ ապացույցների, ադրբեջանցի առաջնորդը ներկայացվում է որպես կովկասցի «բռնապետ» և «բռնակալ»»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ Ադրբեջանն «այլևս չի պատրաստվում հանդուրժել նման վերաբերմունքը և դատի կտա նրանց, ովքեր կզրպարտեն իրեն»։

Ակնհայտորեն, Ադրբեջան ասելով փաստաբանն ի նկատի ունի նախագահ Ալիևին, ով չի հանդուրժում իր նկատմամբ քննադատական վերաբերմունքը:

11.09.2015