Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Սեպտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի կունենա համաժողով «ԵՄ-ն և հարևանները»: Համաժողովին բացման խոսքով հանդես կգա Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Սեպտեմբերի 16-ին կգումարվի Եվրախորհրդարանի մեկօրյա նիստ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել միգրացիայի հարցը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա ճգնաժամը:

Սեպտեմբերի 15-18-ն Ուլանբատորում, Մոնղոլիայում, տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանում առկա տնտեսական խնդիրները, ջրային ռեսուրսների կառավարումը: Վերջին նիստը նվիրված է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքներին, ԶԼՄ-ների ազատությանը և այլն:

Աննա Կարապետյան