ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը շարունակում է տրամադրել վիզաներ

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը հայտարարություն է տարածել գերմանա-ավստրիական սահմանին սահմանային ստուգումներ մտցնելու առնչությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:

Այդուհանդերձ, սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երևանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի և Շվեդիայի համար»:

17.09.2015