Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պատմական ելույթ են նախատեսում Եվրոպական խորհրդարանում

Եվրոպական միության պաշտոնյաներն օրերս հայտարարել են, որ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ զեկույց են ներկայացնելու հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանում, ինչը պատմության մեջ երկրորդ անգամ է տեղի ունենալու: Առաջին անգամ նմանատիպ ելույթ 1989 թ.-ին է եղել՝ Բեռլինի պատի փլուզումից հետո, երբ միասին պատգամավորների առջև են ներկայացել Հելմուտ Քոլն ու Ֆրանսուա Միտերանը:

«Սա պատմական այց է պատմականորեն դժվար ժամանակներում», – այդ առիթով նկատել է Եվրոպական խորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցը՝ գերմանացի սոցիալ-դեմոկրատ, ով ձգտում է ավելի սերտ կապեր ստեղծել Բեռլինի ու Փարիզի միջև: «ԵՄ-ն այսօր կանգնած է հսկայական մարտահրավերների դիմաց և իր առաջնորդների կողմից միասնականություն և համերաշխություն է պահանջում», – ինչպես հաղորդում է Euroactive-ը, ասել է Շուլցը:

ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հերթին հայտարարել են, որ Ֆրանսիան և Գերմանիան հանդիսանում են եվրոպական ինտեգրման շարժիչ ուժը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչն ազդանշան է, որ Եվրոպական Միությունը, որն ավելի է ընդլայնվել սառը պատերազմից հետո, պետք է միասնական ուժերով պայքարի բաժանարար խնդիրների դեմ, որոնցից է հատկապես Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից ժամանող փախստականների հսկա ալիքը:

Ֆրանսուա Օլանդն, ի դեպ, արդեն հասցրել է Եվրոպային պատած միգրացիոն ճգնաժամը համեմատել Բեռլինի պատի անկման հետ:

«Երբ պատը փլուզվեց, մենք չսկսեցինք փակել մեր դռներն արևելյան երկրների դիմաց, ընդհակառակը, մենք ողջունեցինք նրանց», – շեշտել է Օլանդը՝ ըստ France24-ի:

Անգելա Մերկելն իր հերթին ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ և աջակցությամբ:

«Միայն ԱՄՆ-ի հետ միասին, իսկ ինչ վերաբերում է Սիրիային, ապա նաև Ռուսաստանի հետ, մենք կարող ենք պայքարել մարդկանց փախուստի պատճառների դեմ»,- մասնավորապես նշել է կանցլերը։

Դիվանագետները Բրյուսելում օրերս թվարկել են մի շարք հնարավոր փոխզիջումային տարբերակներ՝ քննարկելով ԵՄ գործադիր մարմնի կողմից առաջարկած 120.000 ապաստան հայցողներին Իտալիայից, Հունաստանից և Հունգարիայից այլ ԵՄ պետություններ տեղափոխելու հարցը՝ համաձայն քվոտավորման համակարգի:

Սակայն ինչպես Deutsche Welle է հայտնում, Չեխիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի և Լատվիայի նախարարները մերժել են պարտավորված քվոտավորման ցանկացած առաջարկ:

Աղբյուրը՝ armedia.am