Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է, սակայն փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել

Երևանում սեպտեմբերի 25-ից 28-ը կայացած «Խաղաղության ճանապարհի դժվարությունները. դասեր Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի փորձից» թեմայով սեմինարի շրջանակներում «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի» (Center for Security Studies) Միջնորդության աջակցության թիմում ծրագրի ավագ պատասխանատու Աննա Հես Սարգսյանի և «Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոն» ՀԿ-ի (International Centre for Geopolitical Studies) նախագահ Նատո Բաչիաշվիլիի հետ:

k

-  Ո՞րն է նման ձևաչափով անցկացվող սեմինարների կարևորությունը։

Աննա Հես Սարգսյան

-  Ամեն ինչ կախված է համատեքստից: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունի տվյալ երկրի կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ։ Երբեմն կողմերը միմյանց թերահավատորեն են մոտենում, և նման սեմինարները միմյանց հետ ծանոթանալու, նույն ձևաչափի շրջանակներում աշխատելու հնարավորություն են ընձեռում։

Ես շատ հետաքրքիր փորձ եմ ունեցել Նեպալում, որտեղ ծրագիրն իրականացվում էր ոչ միայն ներքին մակարդակով, այլ երեք մեծ խմբերի ներգրավմամբ Նեպալից, Պակիստանից և Ֆիլիպիններից։ Ծրագրի վերջում մենք տեսանք, թե ինչպես նրանց մոտ վերացավ մյուս կողմին բացասական իմաստով «խորհրդավոր» դիտելու երևույթը։

-  Հաշվի առնելով Ձեր փորձը` կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ գործնական կամ շոշափելի արդյունքներ են ունենում նման սեմինարները։

-  Այս սեմինարներն օգնում են խորհել հարաբերություների կամ գործընթացի մասին։ Նույն Ֆիլիպիններում իրար հասկանալը հետո արտահայտվեց նրանց խաղաղաշինական աշխատանքում։ Մարդկային կապերի ու հարաբերությունների ստեղծումը նպաստում է նրանց աշխատանքի որոշակի համակարգմանը կամ համագործակցության հաստատմանը։

 

-  Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս սեմինարից:  

Նատո Բաչիաշվիլի

- Կարծում եմ, որ այս ծրագիրը շատ կարևոր է։ Մենք ապրում ենք շատ անհանգիստ տարածաշրջանում, որտեղ իրավիճակը գրեթե ամեն օր փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք արձագանքելու տարբեր զարգացումների։ Սեմինարի ձևաչափը շատ կարևոր է, քանի որ մենք բոլորս ուղղակի թե անուղղակի կերպով ներգրավված ենք բանակցային գործընթացում և մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան՝ հատման կետեր գտնելու համար։ Նման ձևաչափը հնարավորություն է տալիս լրացնելու պետական կառույցների աշխատանքը։

Ճիշտ է՝ բոլոր հակամարտությունները եզակի են, գուցե այսօր քննարկվող հակամարտություններն այնքան էլ նման չեն մեր հակամարտություններին, բայց այս հակամարտությունների կարգավորման փորձը ուսումնասիրելով՝ մենք կարող ենք հմտություններ ձեռք բերել մեր հետագա ռազմավարության մշակման համար։

Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս սեմինարից̦ որն առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում̦ իսկ հետո անցկացվելու է նաև Վրաստանում: Այստեղ քննարկվող թեմաները շատ կարևոր են̦ դրանք հաջողության օրինակ են և մեզ ապացուցում են, որ մարդկանց հաջողվել է խաղաղ ճանապարհով լուծել իրենց խնդիրները:

 Աղբյուրը՝ аrmedia.am