Հունաստանի վարչապետը ներկայացրել է իր կառավարության ծրագիրը

Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խորհրդարանին ներկայացրած իր ելույթում ընդգծել է, որ հաջորդ քսան տարիները խիստ վճռորոշ են լինելու երկրի համար`կառավարության առաջնահերթությունների իրականացման առումով և նշել է իր կոալիցիոն թիմի գերակայություններից հիմնական երեքը:

Դրանք են՝ վճարումների մեծացման արդյունքում արտաքին հսկա պարտքի կրճատումը, բանկերի բնականոն աշխատանքի վերականգնումը և հատուկ մարմնի ստեղծումը, որը պետք է անհրաժեշտ միջավայր ապահովի մասնավոր ներդրողներին ներգրավելու̦ ինչպես նաև տեղական ապրանքանիշերին և ձեռներեցներին խրախուսելու համար:

«Մեր նպատակն է անհրաժեշտ պայմաններ ապահովել նոր Հունաստանի համար` մինչ մեր 4 տարվա ժամկետի ավարտը, ինչն իհարկե կարող է լինել բարդ, սակայն խոստումնալից քաղաքական շրջան` լի բազմաթիվ մարտահրավերներով», – նշել է Ցիպրասը, – «Այսօրվա դրությամբ մեզ առնվազն հաջողվել է ապահովել երկրի տնտեսական կայունությունը և վերջ դնել Հունաստանի` Եվրոպական միությունից հեռանալու վերաբերյալ քննարկումներին»:

Համաձայն Protothema հունական թերթի՝ վարչապետը հավելել է նաև, որ Հունաստանի պարտատերերի հետ կնքած նոր գործարքը ստեղծել է անառարկելիորեն ավելի բարենպաստ հարկաբյուջետային միջավայր`օգտագործելով ռեսուրսներն աճ ապահովելու համար:

 Բացի այդ, Ցիպրասն ընդգծել է, որ ինքը հետամուտ է լինելու «առաջադիմական ուժերի» հետ ավելի մեծ համագործակցության՝ պնդելով, որ հնարավորինս լայն կոնսենսուս է անհրաժեշտ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կրթությունը, ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սահմանադրական վերանայումները և այլն:

 Սա հստակ ցույց է տալիս, որ Հունաստանի քաղաքական համակարգը կարող է և հաղթահարած լինել նախորդ տարիների երկպառակություն առաջացնող ներքին տարակարծությունները, որոնք մեծապես նպաստել են երկում տնտեսական ճգնաժամի երկարաձգմանը և դրա հետևանքների խորացմանը:

07.10.2015