Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները Եվրախորհրդարանում բարձրաձայնել են ԵՄ հիմնական խնդիրները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա

Օլանդի հետ միասին համատեղ զեկույցով է եկել հանդես Եվրախորհրդարանում: Գործընկերները կոչ են արել պատգամավորներին միասնական ուժերով լուծել մայրցամաքում ծագած ճգնաժամերը, որոնք սասանում են Եվրոպական միության հիմքերը:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է երկու ղեկավարներին՝ ասելով, որ ամբողջ Եվրոպան է տառապում, երբ Ֆրանս-գերմանական համագործակցությունը լավ չի աշխատում: Ուստի եթե ճգնաժամերի հարցում Ֆրանսիան և Գերմանիան որևէ փոխզիջման են գալիս, ըստ Շուլցի, դա ձեռնտու է լինում բոլոր գործընկերների և ընդհանուր ԵՄ-ի համար:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սկզբից ևեթ հայտարարել է, որ տարիներ ի վեր Եվրոպան կանգնած է եղել մի շարք ճգնաժամերի առաջ՝ ֆինանսական, սոցիալական ևտնտեսական, սակայն այժմ խնդիրը շատ ավելի լուրջ է:

«Այժմ մենք կանգնած ենք հումանիտար ճգնաժամի առջև և փախստականների ներհոսքի հետևանքով առաջացած իրավիճակն ապակայունացնում է այս ողջ տարածաշրջանը: Եվրոպան շատ դանդաղ է սկսել գիտակցել, որ ողբերգություններն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կարող են ունենալ նման հետևանքներ հենց եվրոպացիների համար, եթե նրանց ժամանակին բավարար օգնություն և աջակցություն չտրամադրվի», – նշել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ պետք է անպայմանորեն ամրապնդել Շենգեն գոտին, քանի որ այժմ հարցականի տակ է հայտնվել առանց անձնագրի ազատ գոտու սկզբունքը:

«Չկա ավելի լավ այլընտրանք, քան հենց ուժեղ Եվրոպան է», – հայտարարել է Օլանդը՝ կոչ անելով վերահաստատել համերաշխությունն ու հարգանքը ԵՄ ներսում: Օլանդն առաջարկել է նաև ամրապնդել եվրոյի տարածքն ընդհանուր քաղաքականություն մշակելու, հարկաբյուջետային ներդաշնակեցումը խթանելու, ինչպես նաև ներդրումային և սոցիալական քաղաքականությունը բարելավելու նպատակով:

 Ինչ վերաբերվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ապա վերջինս հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի տեսքով Եվրոպան իր պատմության մեջ բոլորովին նոր խնդրի է բախվել:

 «Մենք չենք կարող խուսափել կտրուկ գործողություններ կատարելուց, բայց միևնույն ժամանակ չպետք է գայթակղվենք ազգային մակարդակով որոշումներ կայացնելու հեռանկարով», – նշել է Մերկելը՝ հավելելով, որ ԵՄ բոլոր 28 անդամ-պետություններն էլ ստիպված են որոշակի փոխզիջման գնալ՝ ցանկալի արդյունքների հասնելու նպատակով:

Երկու երկրների առաջնորդների հայտարարություններից հետո Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը հնարավորություն են ունեցել աշխույժ և բուռն բանավեճի բռնվել ինչպես միմյանց, այնպես էլ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ: Ընդ որում, պետք է նշել, որ Օլանդն ու Մերկելը միասնական ճակատ են կազմել և, առանց մեկը մյուսին հակադրվելու կամ հակաճառելու, պատասխանել ներկաների հարցերին ու մեկնաբանություններին:

Աղբյուրը՝ armedia.am