ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին Հայաստանի հետ բանակցությունների մանդատ կտրամադրի. Լատվիայի արտգործնախարար

Եվրամիությունը հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում մանդատ կտրամադրի Հայաստանի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ Ներկայացնում ենք Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հարցազրույցը NEWS.am-ին։

Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը հայտարարել էր, որ այս շաբաթ Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման ժամանակ Եվրամիությունը մանդատ կտրամադրի Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Ցանկալի է լսել Ձեր կարծիքը։

Մենք պաշտպանում ենք այդ որոշումը։ Ես կարծում եմ, որ արդեն հոկտեմբերի 12-ին մանդատը կտրամադրվի։ Չեմ կարծում, որ ինչ-որ քննարկումներ կլինեն, որովհետև ԵՄ երկրները պաշտպանում են այդ նախաձեռնությունը։ Դա մայիսին Ռիգայի գագաթնաժողովում ձեռք բերված որոշումների և համաձայնությունների շարունակությունն է։ Մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ, որը չի լինի Ասոցացման համաձայնագիր։ Բայց, այսպես ասենք, կլինի նոր համաձայնագիր, որը չի հակասում այն պարտավորություններին, որոնք ձեր երկիրը ստանձնել է ԵՏՄ շրջանակներում։ Դրա հետ միասին այդ համաձայնագիրը իրավական բազա կստեղծի Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար։ Այնպես որ երկուշաբթի այդ որոշումը կքննարկվի և կընդունվի։ Ես այս կապակցությամբ ոչ մի անակնկալ չեմ սպասում։ Հարցը դրական լուծում կունենա, որովհետև ոչ ոք դեմ չէ։ Եվ մենք բոլորս դեռ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ կողմ էինք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն։ Հուսամ, որ բանակցությունները շատ արագ կավարտվեն, և մենք կարող ենք շուտով ստորագրել այդ համաձայնագիրը։

Համագործակցության ի՞նչ ոլորտներ է ընդգրկելու այդ համաձայնագիրը, Ձեր կարծիքով։

Դա արդեն բանակցությունների ժամանակ կորոշվի։ Կողմերը պետք է համաձայնության գան, թե ինչ պետք է լինի այդ համաձայնագրում։

Ձեր լիտվացի գործընկեր Անդրիուս Կրիվասն ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական երկիր է և եվրոպական ապագա ունի։ Կիսու՞մ եք այդ կարծիքը։

Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ապագան։ Այո՛, ես կարծում եմ, որ մենք կարող ենք ասել, որ Հայաստանը եվրոպական երկիր է, բայց Հայաստանն ինքն է որոշում իր ինտեգրացիոն հարցերը, թե ում հետ է ուզում առավել սերտ քաղաքական և տնտեսական միություն կնքել։ Մենք դրան վերաբերվում ենք որպես Հայաստանի ազատ ընտրության։ Եվ կարծում եմ, որ համաձայնագիրը, որը կկնքվի բանակցությունների ավարտին, իրավաբանական ակտ կլինի, որը կսահմանի, թե որքանով է Հայաստանը ցանկանում զարգացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Դա ձեր ձեռքերում է։

Աղբյուրը՝ news.am