ՀՀ-ն պետք է նախաձեռնող և ճկուն լինի ԵՄ-ի հետ հարաբերությունների այս փուլում

ԵՄ խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ ԵՄ մանդատը: Դա նշանակում է, որ կողմերը կմեկնարկեն երկկողմ հարաբերությունների իրավական հիմքն ամրագրող նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Սա, ըստ էության, ԵՄ-ՀՀ հարաբերությունների նոր փուլի մեկնարկ է, որը տրամաբանորեն պետք է հիմնված լինի այսքան տարիների ձեռքբերումների վրա և թույլ չտա նահանջ որևէ ոլորտում:

ՀՀ-ն և ԵՄ-ն թե՛ համագործակցության, թե՛ բանակցություններ վարելու հարուստ փորձ ունեն: Երկարատև գործընթացի արդյունքում իրականացվել են բազմաթիվ ոլորտներում մի շարք բարեփոխումներ, Հայաստանը բավարարել է ԵՄ-ի կողմից առաջադրվող չափանիշները, և ավարտին են հասցվել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Սա նշանակում է, որ մենք ունենք եվրոպական գործելաոճին լավ ծանոթ և նրանց հետ արդյունավետ համագործակցության փորձ ունեցող բանակցողների թիմ, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության լավ հիմքեր: Դրանք մեծ նշանակություն կունենան նոր փուլում և կնպաստեն բազմավեկտոր համագործակցությունը շարունակելուն:

Այս փուլում շատ կարևոր է Հայաստանի նախաձեռնողականությունն ու սեփական ակնկալիքները հստակ սահմանելու, դրանց հասնելու համար պատրաստակամությունն ու ճկունությունը: Շատ հարցերում մենք պետք է լինենք առաջին քայլն անողը՝ անկախ ԵՄ-ի մեզ աջակցելու պատրաստակամությունից կամ հնարավորություններից: Դրանով մենք ցույց կտանք մեր պատրաստակամությունն ու հնարավորություն կստանանք հավակնոտ նպատակներ սահմանելու բանակցությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ցանկալի է, որ դրանք փաստացիորեն ամրագրված կամ առնվազն հայտարարված մոտավոր վերջնաժամկետ ունենան: Գործընթացը չի կարող եկար տարիներ ձգվել, առավել ևս, որ նոր համաձայնագիրը տրամաբանորեն պետք է մեծ մասամբ իր մեջ ներառի Ասոցացման համաձայնագրի դրույթները՝ որոշ դեպքերում շտկումներով: Ուստի բանակցությունները պետք է լինեն դինամիկ և հնարավորինս արագ ամրագրեն երկու կողմերի ակնկալիքներն ու նպատակները:

Մեկ այլ դրույթ, որ կարևոր է այս փուլում, գործընթացի թափանցիկության ապահովումն է: Գործընթացի հանդեպ հանրային աջակցություն ապահովելու համար, հանրությունը պետք է հնարավորի և թույլատրելիի սահմաններում տեղեկացված լինի բանակցությունների ընթացքի, դրանց առարկայի, ինչպես նաև կողմերի ակնկալիքների մասին: Այդ գործընթացում թե՛ ԶԼՄ-ները, թե՛ քաղաքացիական հասարակությունը կարող են բավական լայն և կարևոր դերակատարում ստանձնել՝ և՛ հանրության տեղեկացման, և՛ բանակցողներին իրենց գաղափարներով և նախաձեռնություններով աջակցելու առումով:

Հայաստանը պետք է հավակնոտ, նախաձեռնող և պատասխանատու լինի բանակցությունների ընթացքում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ամուր հիմքեր ապահովելու համար:

Աննա Կարապետյան

Փորձագետ, «Հայացք» վերլուծական կենտրոն