Միգրացիայի հետ կապված հերթական գագաթաժողովը Եվրոպական Միությունում

Այսօր Եվրոպական միության ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում միգրացիոն ճգնաժամի շուրջ հերթական գագաթաժողովի շրջանակներում, որտեղ պետք է քննարկեն ԵՄ առավել ապահով արտաքին սահմանների ամրապնդման հարցը:

Եվրամիությունը կարող է ներմուծել անգամ հատուկ սահմանապահներ, ինչպես նաև աջակցություն առաջարկել փախստականներին ու ապաստան փնտրողներին՝ համագործակցելով թե՛ ծագման, թե՛ տարանցման երկրների հետ:

«Նույնիսկ եթե փախստականների ներհոսքը դանդաղի ձմռանը, մենք պետք է պատրաստ լինենք գարնանային նոր մեծ ալիքներին, որոնք կթափանցեն Եվրոպա», – հայտարարել է Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, – «Մեր պարտականությունն է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարներին»:

Տուսկը նաև ավելացրել է, որ ԵՄ ղեկավարները պետք է հաշվի առնեն դուբլինյան համակարգի փոփոխությունները, որով առաջին ճակատի պետություններն էին պատասխանատու միգրանտներին ապաստան շնորհելու համար:

 Դուբլինի պայմանագրի բարեփոխման հետ կապված Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին իր հերթին հայտարարել է, որ այժմ իրենք ականատես են լինում մի փոփոխության, որը մերժվում էր ամիսներ շարունակ, և որն ընդունվեց միայն այն ժամանակ, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համատեղ ելույթ ունեցան Եվրոպական խորհրդարանում:

 «Դուբլինյան համակարգն իր վախճանին է մոտեցել՝ ոչ տեխնիկապես, բայց քաղաքականապես»,- նշել է վարչապետ Ռենցին:

 Ինչևէ, բացի միգրացիոն ճգնաժամի ու ներգաղթյալների հարցերից, Բրյուսելում տեղի ունենալիք ԵՄ առաջնորդների երկօրյա գագաթաժողովին քննարկվելու է նաև Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության հետ կապված հանրաքվեի հարցը, բրիտանական կառավարության ներկայացրած պահանջներն, ինչպես նաև հնարավոր զիջումային տարբերակները:

15.10.2015