
Ավստրիայի կանցլեր. Միգրացիոն ճգնաժամը կարող է հանգեցնել ԵՄ փլուզման
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆեյմանը Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը կարող է ավարտվել Եվրամիության փլուզմամբ։
«Ներկայումս խոսքը միասնական Եվրոպայի կամ ԵՄ փլուզման մասին է։ Առաջին ճանապարհը բարդ է, և հնարավոր է, երկար, բայց երկրորդը տանում է քաոսի»,- նկատել է Ֆեյմանը։
Ըստ Ֆեյմանի`արտաքին սահմանների պահպանությունը կարևոր է, բայց անհրաժեշտ է խուսափել այն սցենարից, երբ ամեն երկիր սկսում է պատեր կառուցել:
Իր հերթին, Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ Լյայթները, նույն պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ իրավապահ մարմինների նկատմամբ դժգոհության աճ է գրանցվում երկիր ժամանած միգրանտների շրջանում։
«Մեր աշխատակիցները ուշադրություն են դարձնում, որ միգրանտների վարքը դառնում է ավելի զգացմունքային, նրանց շրջանում խուճապ է հասունանում։ Հնարավոր է ուժային գործողություններ լինեն, ինչին ոստիկանությունը կարձագանքի»,-ասել է նա։
Աղբյուրը՝ armedia.am