Եվրոպա-Չինաստան. փոխադարձ հետաքրքրությունն աճում է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Պեկին: Սա Մերկելի ութերորդ այցն է Չինաստան: Մերկելին ուղեկցում է շուրջ 20 առաջատար գործարարներից բաղկացած գերմանական պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված է նաև գերմանական Volkswagen-ի նորանշանակ տնօրեն Մաթիաս Մյուլերը: Ակնկալվում է, որ երկկողմ բանակցությունների արդյունքում կողմերը պետք է կենտրոնանան տնտեսական կապերի ամրապնդման և միջազգային հակամարտություններում Չինաստանի դերակատարման խնդիրների վրա:

Մերկելն արդեն հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ: Օրվա երկրորդ կեսին նա բանակցություններ է անցկացնելու նախագահ Սի Ծինփինի հետ: Վաղը Մերկելը վարչապետի հետ այցելելու է Հեֆեյ քաղաք, որը գտնվում է արևելյան նահանգներից մեկում, գրում է DW-ն: Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանի վարչապետն արտասահմանյան հյուրին հրավիրում է իր հարազատ նահանգ:

Այս հանգամանքը կարելի է դիտարկել Չինաստան-Արևմուտք նոր որակի հարաբերություններ կառուցելու երկկողմ պատրաստակամության համատեքստում: Հենց այս նպատակով նախորդ շաբաթ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը քառօրյա այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ իրական արքայական ընդունելության արժանացավ: Արդյունքում վերլուծաբանները գրեցին, որ Չինաստանին և Մեծ Բրիտանիային հաջողվեց «վերակենդանացնել» իրենց հարաբերությունները: Ավելին, Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ ցանկանում է դառնալ «Չինաստանի լավագույն գործընկերն Արևմուտքում»: Սակայն Գերմանիան և Մեծ Բրիտանիան միակ եվրոպական երկրները չեն, որոնք ձգտում են խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ: Նոյեմբերի 2-3-ին Պեկինում ընդունելու են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Չինաստանը ԵՄ-ի երկրորդ առևտրային գործընկերն է Միացյալ Նահանգներից հետո: Ընդ որում, Գերմանիան Չինաստան ապրանքներ արտահանող ամենախոշոր երկիրն է ԵՄ-ում: Արտահանման ընդհանուր արժեքը կազմում է 75 միլիարդ եվրո, ինչը ԵՄ արտահանումների շուրջ 46%-ն, գրում է CCTV News-ը: Գերմանիային հաջորդում են Մեծ Բրիտանիան (19.6 միլիարդ եվրո) և Ֆրանսիան (16.2 միլիարդ եվրո):

Գերմանիայի օտարերկրյա ուղղակի ներդրումները Չինաստանում կազմում են 48 միլիարդ եվրո: Reuters-ի տվյալներով՝ շուրջ 5000 գերմանական ընկերություններ են գործում Չինաստանում: Սակայն, վերջին շրջանում դժվարություններ են առաջացել: 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գերմանական ինժեներական ոլորտի արտահանումները Չինաստան կրճատվել են 4.9 տոկոսով: Սա զգալի անկում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիայից Չինաստան արտահանվող ապրանքների ցանկում գլխավոր տեղը զբաղեցնում է հենց ինժեներական ոլորտի արտադրանքը:

Մերկելի այցի նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական կապերին և ոչ մի դեպքում չզիջել Արևմուտքում Չինաստանի լավագույն գործընկերը լինելու տիտղոսը: Ինչպես ավելի վաղ ընդգծել է Մերկելի օգնականը, «Գերմանիան շարունակելու է մնալ Չինաստանի ամենամեծ գործընկերը Եվրոպայում»:

Արդյունքները սպասեցնել չեն տալիս: Չինաստանը 17 միլիարդ ԱՄՆ դոլար արժեցող պայմանագիր է կնքել Airbus եվրոպական կոնսորցիոմի հետ ինքնաթիռներ գնելու վերաբերյալ: Ինչպես գրում է Associated Press-ը, Գերմանիայի կանցլերն ու Չինաստանի վարչապետը նաև ներկա են գտնվել Nokia կորպորացիայի և China Mobile ընկերության միջև պայմանագրի ստորագրմանը: Համաձայնագիր է ստորագրվել նաև Volkswagen-ի և Չինական բանկի միջև:

Չինաստանն ու Գերմանիան հակասություններ չունեն նաև Գերմանիայի համար այս պահին կարևոր դարձած մերձավորարևելյան հակամարտությունների հարցում: Անգելա Մերկելն ու Չինաստանի վարչապետը համաձայնվել են, որ սիրիական ճգնաժամը պետք է քաղաքական լուծում ստանա, գրում Reuters գործակալությունը: Չինական կողմը, որը մշտապես հանդես է եկել ուժի կիրառման և արտաքին միջամտության դեմ, հայտարարել է, որ սիրիական հակամարտության լուծման հրատապությունն աճում է: Չինաստանի վարչապետն ասել է, որ սիրիական ճգնաժամը պետք է հաղթահարվի ՄԱԿ-ի ջանքերով: Անդրադառնալով Եվրոպայի առջև ծառացած միգրացիոն ճգնաժամին` Չինաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ «Եվրամիությունը միջազգային հանրության աջակցությամբ կկարողանա հաղթահարել խնդիրը»:

Հատկանշական է, որ Չինաստանն, ընդհանուր առմամբ, «պասիվ խաղացող» է Մերձավոր Արևելքում, թեև տարածաշրջանն իր նավթային ռեսուրսներով հսկայական կարևորություն ունի Չինաստանի համար: ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական հակամարտությանն առնչվող հարցերում Չինաստանը հիմնականում քվեարկում է հետևելով Ռուսաստանի օրինակին: Պեկինը նաև մտադիր չէ որևէ ռազմական ներգրավվածություն ունենալ հակամարտությունում, թեև վերջին շրջանում հաճախ են լուրեր շրջանառվում այն մասին, որ Չինաստանը կարող է ռազմական օգնություն տրամադրել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: Պաշտոնական Պեկինն այս ամենը հերքում է` միայն դիվանագիտական հարթակում աջակցելով Ռուսաստանի սիրիական քաղաքականությանը:

Չինաստանի` Արևմուտքի հանդեպ դրսևորվող հետաքրքրությունը նախևառաջ դիտարկվում է «նոր մետաքսի ճանապարհ» կառուցելու Չինաստանի ցանկության համատեքստում: Այս ծրագրի վրա Պեկինը միլիարդավոր դոլարներ է ծախսում` նպատակ ունենալով այն բացել 2049 թվականին: Չինաստանի համար սա հեռու գնացող դիվանագիտական և տնտեսական քայլ է, և այս համատեքստում Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավումն առանցքային նշանակություն ունի:

Վերլուծաբանները գրում են, որ Արևմուտքը կանգնել է խնդրի առջև, թե ինչպես պետք է զարգացնի իր հարաբերությունները Չինաստանի հետ, ինչպես պետք է համատեղվեն տնտեսական շահերն ու եվրոպական ժոովրդավարությունը: The Guardian-ը գրում է, որ եվրոպական երկրները պետք է ավելի ռազմավարական մտածելակերպ որդեգրեն Չինաստանի հետ հարաբերություններ կառուցելիս. «Չինաստանը 4000 հազար տարվա քաղաքակրթություն ունի, և Եվրոպան պետք է նրա նման հեռատես խաղ խաղա: Ժամանակն է միասնական եվրոպական մոտեցում մշակել Չինաստանի նկատմամբ»:

 Աղբյուրը՝ armedia.am