Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Նոյեմբերի 1-ից 3-ը Եվրախորհրդարանի պատվիրակությունը կայցելի Նյու Յորք, որտեղ հանդիպումների շարք կանցկացնի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում ՄԱԿ պաշտոնյաների հետ Ուկրաինայում և Սիրիայում զարգացումների, միգացիոն խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի և այլ հարցերի վերաբերյալ:

Նոյեմբերի 4-ին Փարիզում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի հանձնաժողովը քննարկելու է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» թեմայով հակահայկական զեկույցը:

Նոյեմբերի 6-7-ը Լատվիայում անց է կացվելու ամենամյա Ռիգայի համաժողովը, որին մասնակցում են փորձագետներ, գիտնականներ, լրագրողներ, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ: Օրակարգում կիբերանվտանգության խնդիրներն են, տրանսատլանտիկ փոխգործակցությունը, հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչպես նաև Արևելյան գործընկերության քաղաքականության զարգացումները:

Աղբյուր՝ armedia.am