Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելուն

Բրիտանացի օրենսդիրների դիրքորոշումն անհնար է դարձնում Միացյալ Թագավորության զինված ուժերի մասնակցությունը Մերձավոր Արեւելքում«Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

ՄԲ վարչապետ Դեյվիդ Քեմերոնն անձամբ կողմնակից է, որ բացի Իրաքում ԻՊ դիրքերը ռմբակոծելուց, երկրի ռազմաօդային ուժերը ներգրավված լինեն նաև Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններում, սակայն դրա համար անհրաժեշտ է հավանություն ստանալ նախևառաջ խորհրդարանում:

Իսկ ահա խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, Քեմերոնի Պահպանողական կուսակցության գործընկեր Քրիսպին Բլանթն այս առիթով հայտարարել է, թե իր մտահոգությունն այն է, որ նման որոշումը ձեռնարկվում է ԻՊ հանդեպ հաղթանակի երկարաժամկետ ծրագրի բացակայության պարագայում: Ըստ Բլանթի՝ նման գործողությունները ռազմական առումով չեն կարող լինել որոշիչ, և հետևաբար արդարացված չեն լինի Մեծ Բրիտանիայի համար:

Բացի այդ, հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի միջամտությունը հակամարտությանը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանն աջակցելու նպատակով. «էլ ավելի է բարդացնում Մեծ Բրիտանիայի կողմից առաջարկվող ցանկացած քաղաքականություն Սիրիայում»:

Ըստ օրենսդիրների՝ առանց «համաձայնեցված միջազգային ռազմավարության», որի նպատակն է վերջ տալ Սիրիայում քաղաքացիական պատերազմին, անիմաստ է որևէ բան ձեռնարկել: Հանձնաժողովը հայտարարել է նաև, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այն բանին, թե արդյոք իր ձեռնարկած քայլերն աջակցություն կստանան տարածաշրջանի մյուս երկրների՝ այդ թվում Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի կողմից:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի ընդդիմությունն իր հերթին՝ ի դեմս լեյբորիստական կուսակցության և նրա նոր առաջնորդ Ջերեմի Քորբինի՝ խիստ անհամաձայնություն է հայտնել Սիրիայի հարցում Քեմերոնի նախաձեռնություններին:

Հիշեցնենք նաև, որ 2014 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արգելք էր դրել Իրաքում ԻՊ դիրքերին օդային հարվածներ հասցնելու առաջարկին, բայց խոսքն այն ժամանակ որևէ կերպ չէր վերաբերել Սիրիային: Նշենք նաև, անցյալ տարի անդրադարձ չի կատարվել նաև ՄԲ կողմից ցամաքային ուժերի կիրառմանն այդ տարածաշրջանում:

Աղբյուր` armedia.am

04/11/2015