Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Ուկրաինա: Նա հանդիպումներ կունենա երկրի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի, ինչպես նաև Գերագույն Ռադայի խոսնակի և խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Առանձին հանդիպում է նախատեսված ՀԿ-ների ներկայացուցիչների և Ղրիմի թաթարների առաջնորդների հետ:

Հաջորդ օրը՝ երեքշաբթի, նախատեսված է հանձնակատարի այցը Թբիլիսի: Մոգերինին կհանդիպի երկրի նախագահին, վարչապետին և ԱԳ նախարարին, խորհրդարանի խոսնակին և խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Թիֆլիսում նա ելույթ կունենա գենդերային հարցերին նվիրված համաժողովին և ԵՄ մոնիթորինգային առաքելության կազմում կայցելի սահման:

Նոյեմբերի 11-ին Բրյուսելում կգումարվի Եվրախորհրդարանի պլենար նիստ, որի ընթացքում կքննարկվեն ԵՄ ընտրական օրենսգրքի բարեփոխումները, Սիրիայի և Աֆրիկայի խնդիրներով զբաղվող ԵՄ երկու ֆոնդերի ֆինանսավորումը և այլն:

Նոյեմբերի 11-12-ին Վալետայում, Մալթա, կանցկացվի ԵՄ գագաթաժողով՝ նվիրված միգրացիոն ճգնաժամին: Գագաթաժողովին մասնակցում են ինչպես ԵՄ անդամ երկրների ղեկավարները, այնպես էլ միգրացիոն հոսքերի աղբյուր հանդիսացող, ինչպես նաև տրանզիտային երկրների ներկայացուցիչները: Դրան զուգահեռ, Վալետայում տեղի կունենա նաև ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպում:

Նոյեմբերի 15-ին Թուրքիայում, Անթալիայում, տեղի կունենա «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, ինչպես նաև արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը: