ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների շուրջ բանակցությունները մտել են պաշտոնական փուլ

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ­ անդամ երկրների կառավարությունների հետ հաջորդ շաբաթ երկկողմ խորհրդակցություններ կանցկացնի միությունում բարեփոխումների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ներկայացրած առաջարկությունների շուրջ, տեղեկացնում է Reuters­-ը: Տուսկն արդեն հայտարարել է, որ ստացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նամակը ԵՄ բարեփոխման մասին առաջարկներով։ Այսպիսով, ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման շուրջ բանակցությունները մտել են պաշտոնական փուլ: Նշվում է, որ ԵՄ-­ին Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում Լոնդոնը չորս պահանջ է առաջադրում:

Այսպես, Լոնդոնը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում և եվրոյի գոտու մեջ չմտնող մյուս երկրների միասնական շուկայի պաշտպանությամբ: «Դա մեր բանակցությունների մաս Է կազմում, Եվրոպայի ղեկավարները պետք Է պաշտպանեն Մեծ Բրիտանիային և եվրոգոտու մեջ չմտնող մյուս երկրներին»,­- ասել է նա՝ Բրյուսելից պահանջելով համապատասխան երաշխիքներ: «Բրիտանիային պետք են երաշխիքներ, որ միասնական շուկան կլինի պաշտպանված, որ արժութային սկզբունքի հիման վրա խտրականություն չի լինի։ Եվրոգոտին և ոչ եվրոգոտին տարբեր բաներ են, և ԵՄ-ն պետք է բավարար ճկուն լինի՝ բավարարելու և՛ մեկին, և՛ մյուսին։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ԵՄ առաջնորդներին պայմանավորվել հստակ սկզբունքների շուրջ, որոնք երաշխիքներ են տալիս եվրոգոտու մեջ չմտնող երկրներին»,- ասել է Քեմերոնը ծրագրային ելույթում։

Մեծ Բրիտանիայում պահանջում են, որ ԵՄ-ն խոստովանի, որ տարբեր արժույթներով միություն է։ «ԵՄ-­ն պետք է ընդունի, որ դա միություն է, որտեղ մեկից ավելի արժույթ կա, առանց խտրականության», – ­ընդգծել է Քեմերոնը՝ հավելելով, որ «եվրոգոտու կազմի մեջ չմտնող երկրների հարկատուները չպետք է մասնակցեն որպես արժույթ եվրոյի փրկության գործողություններին»։

Վարչապետը նշել է նաև, որ Մեծ Բրիտանիան համաձայն չէ դեպի ավելի սերտ միության շարժվելու ԵՄ սկզբունքին: «Դեպի ավելի սերտ միություն շարժվելու սկզբունքը չպետք է տարածվի Մեծ Բրիտանիայի վրա»,- ասել է Քեմերոնը՝ հավելելով, որ «եկել է ԵՄ օրենսդրական գործունեության մեջ ազգային խորհրդարաններին ավելի շատ ազատություն տալու ժամանակը»: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ կարծում է՝ ԵՄ-ն պետք է ավելի քիչ ազդի միության ներսում երկրների քաղաքականության վրա։

Քեմերոնը հանդես է եկել ԵՄ­ երկրներից Մեծ Բրիտանիա միգրացիան սահմանափակելու օգտին: «Մեզ հարկավոր են ԵՄ­ երկրներից միգրացիայի ավելի խիստ հսկողության միջոցներ»,­ – ասել է նա: Մասնավորապես, վարչապետի խոսքով՝ ուղևորությունների ազատության սկզբունքը չպետք Է կիրառվի ԵՄ­ նոր անդամների վերաբերմամբ:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման օգտին, բայց չի բացառում կառույցից երկրի դուրս գալն՝ իր անդամակցության պայմանների վերանայման վերաբերյալ բանակցությունների տապալման դեպքում: Այդ դեպքում, ինչպես այսօր վերահաստատել է Քեմերոնը, հանրաքվեն տեղի կունենա մինչև 2017 թվականի վերջ:

Նշենք, որ չնայած ԵՄ պատրաստակամությանը քննարկելու Լոնդոնի առաջակները միությունում բարեփոխումներ իրականացնելու շուրջ՝ Բրյուսելում այդ առաջարկները համարում են բավականին խնդրահարույց. «Մենք հենց նոր ենք ստացել Քեմերոնի նամակը: Նրա առանձին առաջարկություններ շատ խնդրահարույց են»,­- նշել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

11.11.2015