Եվրոպայում միգրանտներին նույնացնում են ահաբեկիչների՞ հետ

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը կոչ է անում հրեշ չդարձնել ներգաղթյալներին՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը ։

«Մեզ անհանգստացնում է մի շարք պետությունների որոշումը փախստականների օգնության ցուցաբերման ծրագրի իրականացումը դադարեցնելու մասին, միգրացիոն ճգնաժամի լուծման համար ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարումը կամ պատնեշների կառուցման առաջարկները։ Մենք նաև խորապես անհանգստացած ենք այն արտահայտություններից, որոնք հրեշ են դարձնում փախստականներին՝ որպես խմբի։ Դա վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել քսենոֆոբիայի և վախի զարգացման»,- ասել է նա։

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության իրականացողներից մեկը Եվրոպա է թափանցել փախստականների հոսքի մեջ, բազմաթիվ երկրներ սկսեցին վերանայել այդ հարցի վերաբերյալ իրենց քաղաքականությունը:

Այսպես, Փարիզի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ի 27 նահանգ հրաժարվեցին ընդունել միգրանտներին: Միգրանտների նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշում ընդունեցին հատկապես Եվրոպայում: Միգրացիոն ճգնաժամի ֆոնին ոչ բոլոր եվրոպացիներն էին ողջունում միգրանտներին ընդունելու Բրյուսելի քաղաքականությունը. Գերմանիայիում և այլ երկրներում պարբերաբար տեղի էին ունենում հակամիգրացիոն ցույցեր, Շվեդիայում հրկիզվում էին միգրանտների համար նախատեսված կացարանները, հաճախակի էին նաև հարձակումները միգրանտների վրա: Ահաբեկչություններից հետո միգրանտների նկատմամբ ռադիկալ տրամադրված եվրոպացիների թիվը կտրուկ ավելացել է, և նման պայմաններում միգրանտներն արդարացինորեն վախենում են իրենց անվտանգության համար: Եվրոպացի պաշտոնյաները փորձում են հանգստացնել իրենց հասարակություններին՝ կոչ անելով միգրանտների հոսքը Եվրոպա չկապել ահաբեկչության սպառնալիքի աճի հետ:

«Ցանկացած նման խառնում կարող է չափազանց վտանգավոր լինել մեր հասարակական կարծիքի և մեր մայրցամաքի համար», – հայտարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ նշելով, որ Փարիզի ահաբեկչությունները ներքին անվտանգության հարց են, քանի որ դրանց կատարողները հանդիսանում են ԵՄ քաղաքացիներ:

Սակայն նման հայտարարություններն այդքան էլ համոզիչ չեն միգրացիոն քաղաքականության ընդդիմադիրների համար: Լեհաստանի նոր կառավարությունը նույնիսկ հայտարարել է, որ չի պատրաստվում կատարել նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունը` 4,5 հազար միգրանտ ընդունելու վերաբերյալ: Նշենք, որ ԵՄ միգրացիոն քաղաքականության հակառակորդների համար լրացուցիչ փաստարկ դարձավ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հայտարարությունը այն մասին, որ ահաբեկիչները նախապատրաստում են նոր հարձակումներ միանգամից մի քանի եվրոպական մայրաքաղաքներում:

Աղբյուրը՝ armedia.am