Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկում է ԵՄ բանակ ստեղծել և համագործակցել Ռուսաստանի հետ

Եվրամիությանն անհրաժեշտ է ստեղծել սեփական բանակը: Այդ մասին Բրյուսելում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը, հայտնում է TACC-ը:

«Ես ասացի, որ հանդես եմ գալիս եվրոպական բանակի ստեղծման օգտին, և ենթարկվեցի քննադատության: Այժմ դա ակնհայտ է, և մենք պետք է շատ ներդրումներ անենք, որպեսզի ստեղծենք իրական եվրոպական պաշտպանական քաղաքականություն»,- ասել է նա՝ հավելելով, որ եվրոպական բյուջեն դրա համար փոքր է, և պետք է ներգրավել նաև ազգային բյուջեների միջոցներ: Յունկերի խոսքերով՝ բանակի ստեղծումը հեռահար նպատակ է հանդիսանում:

Յունկերը նաև նշել է, որ ԻՊ-ն Եվրոպայի համար մեկ թշնամին է, և երկրները պետք է միավորեն իրենց բոլոր ռեսուրսները և ջանքերն՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Միևնույն ժամանակ Յուկերը հրաժարվել է ահաբեկչությունը կապել միգրացիոն ճգնաժամի հետ: «Ես չեմ ցանկանում ահաբեկչությունը կապել միգրացիոն ճգնաժամի հետ, դրանք ընդհանուր հիմքեր չունեն: Չի կարելի խառնել այս երկու հարցերը», – ընդգծել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը ահաբեկչության դեմ պայքարի հարցում կարևորել է հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը: Յունկերը նաև ընդգծել է Եվրոպայում անվտանգության հաստատման գործում Ռուսաստանի մասնակցության կարևորությունը: «Չի կարող լինել ոչ մի անվտանգություն Եվրոպայում առանց Ռուսաստանի»,- ասել է Յունկերը և ավելացրել, որ ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում: Ըստ Յունկերի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոնցերը չպետք է խոչընդոտեն վերջինիս հետ այլ ուղղություններով համագործակցությանը:

Նշենք, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Արևմտյան ուժերը սկսեցին ավելի շատ խոսել ԻՊ դեմ Ռուսաստանի հետ գործողությունները համակարգելու և Ռուսաստանի մասնակցությամբ լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների ինտենսիվությունը և արդյունավետությունը: Նման նախաձեռնությամբ մասնավորապես հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով հաջորդ շաբաթ այս թեմայով բանակցություններ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Սակայն փորձագետները կարծում են, որ նման կոալիցիայի ստեղծման հավանականությունը այդքան էլ մեծ չէ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սիրիական հակամարտության կարգավորման տեսլականի շուրջ առկա արմատական տարաձայնությունների պատճառով:

Ավելացնենք, որ Եվրոպայի շահերն աշխարհում պաշտպանելու համար Յունկերը դեռ այս տարվա մարտին էր առաջարկել ստեղծել եվրոպական բանակ: «Նման բանակի ստեղծումը կօգնի մեզ ձևավորել ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն», – հայտարարել էր Յունկերը: Նրա այդ առաջարկը աջակցություն էր գտել եվրոպական մի շարք երկրների՝ այդ թվում նաև Գերմանիայի կողմից, և այժմ այն կրկին արդիական է դառնում: Եվրոպական բանակի ստեղծման անհրաժեշտությունը կրկին զգացվեց, քանզի Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի նախագահը ՆԱՏՕ-ի փոխարեն նախընտրեց դիմել ԵՄ-ին՝ անվտանգության ապահովման հարցում օժանդակություն ստանալու ակնկալիքով: Սակայն, չնայած աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության կոչերին, եվրոպական որոշ երկրներ, կարծես թե, այդքան էլ հակված չեն պրակտիվ օժանդակություն ցուցաբերել, ինչն էլ ևս մեկ անգամ ամրապնդեց այն ընկալումը, որ անհրաժեշտ է անվտանգության ապահովման նոր մեխանիզմ:

Աղբյուրը՝ armedia.am