Շուտով ԵՄ-ը կսկսի փաստաթղթի բովանդակության քննարկումներ. Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Եվրոպական հարևանության քաղաքականության» վերանայման հիմնական կետերը:

Tert.am-ի փոխանցմամբ, նա նշել է, որ Բրյուսելում ստորագրված նոր համաձայնագիրը՝ հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ երեկարատև քննարկումերի արդյունք է:

«Այս քննարկումները սկսվել են 2014 վերջին և ներառել են բոլոր գործող անձանց` կառավարության ներկայացուցիչներին: Այդ ընթացքում 250 տարբեր առաջարկներ են ներկայացվել»,-ասել է նա և նշել, որ Հայաստանի կառավարությունը նույնպես ներկայացրել է իր առաջարկությունները:

Դեսպանը նշել է, որ հարևանության քաղաքականության վերանայումը պայմանավորված է իրավիճակի, մարտահրավերների փոփոխությամբ: «Ներկայացված փաստաթղթում հանգուցային բառը ստաբիլիզացիան է, հիմնական շեշտը դրվում է կայունացման վրա»,-ասել է նա:

Բացի այդ, նա ասել է, որ հայեցակարգային փոփոխություններ ևս կան, որոնք քաղաքական են: «Առաջինը տարբերակումն է: Հարևանության քաղաքականության փաստաթուղթը հաշվի է առնում, որ գործընկերները դարձել են շատ տարբեր, նրանցից ոմանք որոշել են էլ ավելի մոտենալ Եվրամիությանը»,- ասել է նա և նկատել, որ որոշ գործընկերներ ` ինչպես Հայաստանը, այլ ուղղություն է ընտրել:

Պյոտր Սվիտալսկին նաև նշել է, որ Եվրամիությունը ցանկանում է, որ գործընկերներն ավելի սերտորեն ներառված լինեն նախագծի ստեղծման գործում: «Այս առումով երեկ ներկայացված փաստաթուղթը ապրող փաստաթուղթ է: Շուտով Եվրամիությունը կսկսի փաստաթղթի բովանդակության վերաբերյալ քննարկումները բոլոր իր գործընկերների հետ: Այդպիսի խորհրդատվություններ կսկսվեն նաև Հայաստանի հետ։ Այս գործընկերության առաջնահերթությունները օրակարգ կձևավորեն, թե ինչպես Եվրամիության ծրագրերը կիրականացվեն Հայաստանում: Աշխատանքային առումով նույնպես նոր տարր է ավելացել, որը վերաբերում է ճկունութայն սկզբունքին»,-ասել է նա:

Դեսպանը հայտնել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված է տասնհինգ միլիարդ եվրո:

20.11.2015