Եվրոպական հարեւանության նոր քաղաքականությունը եւ քաղաքացիական հասարակության դերը ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողովի ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 19-21-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) յոթերորդ տարեկան համաժողովը՝ ներգրավելով շուրջ 300 մասնակիցների, դիտորդների եւ հյուրերի, որոնք համաժողովի շրջանակներում մասնակցեցին ավելի քան 20 նիստերի եւ համագործակցության տոնավաճառի: Միջոցառումն իրենց ելույթներով բացեցին Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը եւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:«Բոլորը շահում են, երբ քաղաքացիական հասարակությունն ուժեղ է, պրոակտիվ եւ անկախ: Ժողովրդավարական կառավարությունները գիտեն, որ նրանք ավելի ուժեղ են, երբ լսում են ձեզ», – նշեց հանձնակատարը՝ ավելացնելով, որ Եվրամիությունն էապես ավելացրել է իր ֆինանսական օգնությունը Հարեւանության քաղաքացիական հասարակության գործիքի միջոցով, որից օգտվել են տարածաշրջանի ավելի քան 200 կազմակերպություններ:

Յացենյուկը շեշտեց, որ Ուկրաինայի քաղաքացիական հասարակությունն ուժեղ է. «Քաղաքացիական հասարակության դերը որոշիչ է Ուկրաինայի իշխանությունների ակտիվության համար»: Վարչապետ Յացենյուկն ընդգծեց քաղաքացիական հասարակության՝ կառավարության հետ երկխոսության մեջ լինելու կարեւորությունը: «Մենք ունենք քաղաքացիական հասարակության օգնության կարիքը, երբ կառավարությունը դժվար որոշումների ընդունման առջեւ է կանգնած: Եվ ես այդպիսի օգնություն եմ խնդրում», – ասաց նա:

Աղբյուրը՝ eaparmenianews.wordpress.com