ԵԽԽՎ զեկույցների առնչությամբ կոնսոլիդացված աշխատանք է հարկավոր. Կարեն Բեքարյան

ԵԽԽՎ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից հաստատվել է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», իսկ Սոցիալական հարցերի, Առողջապահության և Կայուն զարգացման հանձնաժողովի կողմից՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» վերնագրերով երկու զեկույցները, որոնք բանաձևերի նախագծերի տեսքով կդրվեն քվեարկության ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում: Այս զեկույցների նշանակության, Հայաստանի հնարավոր արձագանքի և անելիքների մասին մեր մեդիա գործընկեր «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի հետ:

- Վերջին մեկ ամսվա ընթացքում ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույց է հաստատվել, որոնք բանաձևի տեսքով պետք է մտնեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ: Դրանց վերաբերյալ կարծիքները բավականին տարբեր են: Ըստ Ձեզ՝ իրականում ի՞նչ նշանակություն ու կշիռ ունեն այդ բանաձևերը և ինչպե՞ս կարող են ազդել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հայկական կողմերի դիրքերի վրա:

- Առաջինը պետք է ֆիքսենք, որ դրանք ոչ մի իրավական ուժ չունեն, ինչը սակայն չի նշանակում, որ դրանց պետք է վերաբերվենք անլուրջ կամ «մատների արանքով», քանի որ դրանք բավական մեծ ազդեցություն ունեն «քաղաքական ֆոն» կոչվածի վրա և դրա ներքո ունենում են իրենց դեստրուկտիվ նշանակությունը բանակցային գործընթացի ու այնտեղ Ադրբեջանի կեցվածքի հետ կապված: Այսինքն՝ նման քննարկումները, առավել ևս եթե դրանք դառնան ԵԽԽՎ բանաձև, Ադրբեջանին դարձնելու են էապես ավելի սանձարձակ, Ադրբեջանը դա դիտարկելու է որպես իր գործողություններին նոր խթան ու դրանց համար նոր արդարացում: Իսկ դա էլ իր հերթին ունենալու է իր անդրադարձը մի քանի ուղղություններով. առաջինը՝ բանակցային գործընթացում դիրքորոշման անիմաստ ապակառուցողական կոշտացում̦ երկրորդը՝ ավելի մեծ ցինիզմ ու լկտիություն հռետորաբանություն մեջ, և, իհարկե, երրորդն ու էությամբ ամենակարևորը՝ անդրադարձ թե՛ ՀՀ-Ադրբեջան, թե՛ ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին տիրող իրավիճակին: Եվ սրանով է պայմանավորված̦ որ մեր ամենաէական̦ ամենակարևոր̦ ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ եվրոպական գործընկերներին̦ պատգամավորներին̦ մի կողմ դնելով «խավիարային դիվանագիտության» և այլ տարբեր մոտեցումները (ի դեպ, օբյեկտիվ մոտեցումները)̦ կարողանանք տեղ հասցնել̦ որ նրանք դառնում են պատասխանատու թափված արյան̦ մարդկային կյանքերի և հումանիտար այն բոլոր խնդիրների համար̦ որ ստեղծում է Ադրբեջանն իր սանձարձակությամբ:

Սա մեզ համար հիմնական խնդիր է̦ որովհետև մենք դրանով ապրում ենք̦ մենք դա տեսնում ենք և մեր մաշկի վրա զգում ենք: Եվ հետևաբար̦ եթե սա պատկերացնելով ու հասկանալով են անում այդ ամենը̦ դա այլ խնդիր է̦ իսկ եթե դա անում են սրա լրջությունը չպատկերացնելով՝ մեկ այլ խնդիր, և այս ամենը պետք է նրանց տեղ հասցնել̦ որովհետև նրանց որոշումներն ազդում են մարդկային կյանքերի վրա. խոսքը վերաբերում է և՛ խաղաղ բնակչությանը՝ թե՛ ՀՀ-ում̦ թե՛ ԼՂՀ-ում̦ թե՛ Ադրբեջանում̦ և՛ զինվորականությանը:

- Դուք անդրադարձաք նրան̦ որ անհրաժեշտ է տեղ հասցնել պատգամավորներին այդ գիտակցումը: Ըստ Ձեզ, ի՞նչ գործիքներ են դրա համար անհրաժեշտ, և արդյո՞ք դա միայն ԵԽԽՎ պատվիրակության առաքելությունն է̦ թե՞ հանրության այլ շերտեր ևս իրենց անելիքն ունեն:

- Վերջին շրջանում բավական շատ տարաբնույթ կարծիքներ են հնչել, և այդ կարծիքների ներքո շատ դեպքերում փորձ է արվել գնահատականներ տալ ԵԽԽՎ պատվիրակության գործունեությանը: Իրականում մեծ սխալ գործած կլինենք̦ եթե փորձենք մեղավոր փնտրել և այդ մեղավորներին գտնել՝ ի դեմս ԵԽԽՎ պատվիրակների: Դա ճիշտ մոտեցում չէ̦ ո՛չ էլ արդար մոտեցում է̦ որովհետև եթե մենք խոսում ենք տեղ հասցնելու մասին̦ պետք է աչքի առաջ ունենանք̦ որ սա բոլորի գործն է̦ և տարբեր ինստիտուտներն այստեղ իրենց մեծ անելիքն ունեն՝ սկսած արտաքին քաղաքականության պատասխանատուներից և ողջ պետական համակարգից, մինչև քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները, սովորական մարդ- քաղաքացին, որն ունի ընկերներ̦ բարեկամներ̦ շփումներ և այլն:

Խնդիրն այժմ այն է, թե արդյո՞ք մենք սրա լրջությունն ու մարտահրավերներն այնքան ենք կարողացել ընկալել̦ որ այդ աշխատանքը կոնսոլիդացված տանենք այս բոլոր ուղղություններով: Իմ կարծիքով՝ ո՛չ: Եվ հետևաբար հիմա փորձել բոլոր սլաքներն ուղղել ԵԽԽՎ պատվիրակների վրա բնավ կոռեկտ չէ: Եվ, իհարկե, երկրորդ էական հանգամանքը կա. եթե անգամ ինչ-ինչ հարցեր պատվիրակության գործունեության մեջ վերանայման կարիք ունեն, սա կրկին կապ չունի անդամների հետ̦ այլ կապ ունի առաջին հերթին գործառութային ու մեթոդաբանական խնդրի հետ: Մենք ունե՞նք հստակ պատվիրակում մեր պատվիրակություններին իրենց գործառույթների վերաբերյալ, ունե՞նք արդյոք նրանց աշխատանքի չափելի հաշվետվողականության մեխանիզմներ, և եթե դրանք չենք ստեղծել̦ ապա ինչո՞վ ենք չափում աշխատանքի արդյունավետությունը: Պահի աղմկահարությա՞մբ: Եվ հետևաբար այստեղ խնդիրը գալիս է նրան̦ որ մենք խորհրդարանական դիվանագիտության գործիքների մեջ անելիք ունենք: Դրանք պետք է լինեն բավական հստակեցված̦ դրանցից յուրաքանչյուրի ակնկալիքը` և՛ ռազմավարական և՛ մարտավարական տեսակետից ամբողջությամբ պարզեցված̦ և հետևաբար այդ պարագայում գործիքներից յուրաքանչյուրի համար (ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով̦ բարեկամության խմբեր̦ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովներ̦ պատվիրակություններ) պետք է պարզ ու հասկանալի դառնա̦ թե ինչ է պատվիրակվում̦ ինչպես են հաշվետու լինում և այլն:

Եթե մենք անցնենք այսպիսի մեթոդաբանության (իսկ ինձ թվում է̦ որ ներկայիս իրավիճակը մեծ «զանգ է խփում», որ մենք իրոք անցնենք այս մեթոդաբանությանը) և եթե կիրառենք այն ու դժգոհ լինենք որևէ պատվիրակությունից (պարտադիր չ֊է ԵԽԽՎ, ընդհանրապես) կամ պատվիրակության որևէ անդամից̦ եթե մենք ունենանք այդ չափելի մեթոդաբանությունը̦ սա այլ խնդիր է: Իսկ հիմա̦ երբ այդ ամենը չունենք̦ ինչո՞վ ենք չափում և ինչո՞վ ենք փորձում մեղավոր փնտրել:

Եվ վերջապես կա երրորդ էլեմենտը. հիմա դրա ժամանակը չէ՛: Այսինքն̦ եթե հիմա խնդիր ունենք մեր բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնելու̦ որպեսզի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին կարողանանք կասեցնել̦ չեզոքացնել այն վտանգը̦ որ գալիս է Ուոլթերի բանաձևից̦ կամ Սարսանգի բանաձևից (նախագծերից, որոնք ունեն վտանգ կամ միտում՝ դառնալու բանաձև), հիմա արդյո՞ք պետք է մեր էներգիան ծախսել ներսում անիմաստ վեճերի վրա̦ թե ով է մեղավորը…Մեղավորը բոլո՛րս ենք:

- Որո՞նք են մեր առավելագույն և նվազագույն ակնկալիքները ձմեռային նստաշրջանից̦ և ի՞նչ կեցվածք պետք է ունենանք:

- Եվրոպական ցանկացած գործընկեր կառույցի հետ̦ այդ թվում՝ հենց ԵԽԽՎ-ի̦ պետք է աշխատել. աշխատել փաստերի հետ̦ աշխատել մարդկանց հետ̦ աշխատել իրավիճակի հետ̦ և ոչ թե բողոքել̦ պատճառ փնտրել̦ թե ինչու չի ստացվում̦ բարձրաձայնել «խավիարային դիվանագիտության» կամ սրան-նրան ծախվելու մասին… Պետք է մշտապես աշխատել՝ անգամ դիմացն ունենալով այդ խոչընդոտները̦ պետք է կատարվի հստակ կոնսոլիդացված աշխատանք:

Բացի այդ՝ Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն նաև մեր տունն են̦ որի լիիրավ անդամն ենք մենք̦ և հանրությանը հաղորդվող այն տրամադրությունը̦ թե մենք և ԵԽ-ն բարիկադավորվում ենք̦ ինքնին աննորմալ է: Դու դրա մասն ես̦ այսինքն՝ դու քեզնի՞ց ես բարիկադավորվում: Հասկանում ենք̦ որ կա դժգոհություն̦ բայց գլոբալ այդ բարիկադավորման խնդիրը երբևէ արդյունավետության չի բերում: Իսկ եթե խոսքը վերաբերում է մասնավորապես ձմեռային նստաշրջանին̦ապա կա շատ կարևոր աքսիոմ. միջազգային կառույցների հետ աշխատանքը չպետք է սկսվի և ավարտվի իրենց դրված նստաշրջանի օրերով̦ դա անընդհատ աշխատանք է: Անպայման չէ գործուղվել̦ հասնել այնտեղ և նոր աշխատել: Դա ամենժամյա աշխատանք է:

Ես լավատես եմ այն առումով̦ որ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվեց̦ և կոնսոլիդացվեց ողջ ռեսուրսը՝ չթողնելով այն միայն խորհրդարանական պատվիրակության ուսերին̦ այլ կոնսոլիդացնելով ողջ համակարգը՝ բոլոր իր ինստիտուտներով̦ դա անել հնարավոր է: Եվ եթե դա արվեց ու ստացվեց̦ երևի մենք մի օր Ուոլթերին շնորհակալություն կհայտնենք երկու բանի համար. առաջինը̦ որ դարձավ առիթն այն բանի̦որ մենք կարողացանք վերջապես զգալ այդ բոլոր ռեսուրսների կոնսոլիդացման անհրաժեշտությունը̦ և եթե դա աշխատի̦ դա դառնալու է մեր ձեռագիրը: Լինելու է նախադեպ̦ իսկ հետագայում՝ մեր ձեռագիրը: Բայց կա նաև երկրորդ առիթը̦ որի համար կարելի է Ուոլթերին շնորհակալություն հայտնել̦ չնայած մինչ այդ շնորհակալությունը դա պետք է կրկին ընկալել̦մարսել ու իրագործել: Չեն կարող բանակցային սեղանին նստած երեք կողմերից երկուսն իրենց կաշկանդված զգալ իրենց պարտավորություններով թե՛ համանախագահողների̦ թե՛ կողմերի հանդեպ̦ իսկ մյուսը՝ չզգալ այդ նույն կաշկանդվածությունը և անընդհատ հարցն այստեղ-այնտեղ տանելով՝ փորձել իր դոսյեի կամ իր վաղվա օրվա համար նման արդյունքներ բերել̦ ինչպիսին Ուոլթերի կամ Սարսանգի բանաձևն է: Հետևաբար Ուոլթերը մեզ համար նաև շատ լավ առիթ է՝ հասկանալու համար, որ քանի դեռ համանախագահները հակամարտության կարգավորման հասնել չեն կարող կամ ունակ չեն (չեմ ուզում ասել, թե պարզապես չեն ցանկանում) կասեցնել նման իրավիճակները̦ դա ինքնըստինքյան նշանակում է̦ որ ՀՀ-ն ի՛ր կողմից̦ ԼՂՀ-ն ի՛ր կողմից պետք է ունենան իրենց գործողությունների ծրագիրը: Սա մեծագույն ազդակ է̦ որ մենք դա ունենանք և իրականացնենք:

Եվ, վերջապես̦ նույն ձմեռային նստաշրջանին մենք մեր ասելիքը չունե՞նք մեր տան ներսում, անունը՝ Եվրոպայի խորհուրդ: Ինչո՞ւ է որոշ մարդկանց թվում̦ որ մեր ասելիքը պետք է սկսվի ու ավարտվի այս բանաձևերի դեմ պայքարով: Որպես օրինակ՝ նայե՛ք, խնդրեմ, ի՞նչ է կատարվում Թուրքիայում բնիկ ժողովուրդների հետ̦ ինչ է կատարվում Թուրքիայում նույն քրդերի հետ իբրև թե ԻՊ-ի դեմ պայքարի ներքո̦ ուշադրությո՛ւն դարձրեք այդ փակ գոտիներին̦ որտեղ լրագրողների մուտքն արգելված է̦ որտեղ քաղաքացիական սեկտորի թե՛ տեղական̦ թե՛ միջազգային գործիչների մուտքն արգելված է: Վաղն այդ փակ գոտիներից որն էլ բացվեց̦ մենք տեսնելու ենք քաղաքացիական բնակչության ոչնչացման էլեմենտը: Անգամ այսքան փակ լինելու պարագայում այդ ամենը, միևնույն է, սպրդում է: Օրինակ՝ քուրդ երիտասարդին մեքենայից կապելը և դիակը գյուղերով մեկ պտտելը, զոհված քուրդ ընտանիքի դիակների շուրջը հավաքվելն ու պար բռնելը̦ ուրախությունից օդ կրակելը̦ քաղաքացիական անձանց գնդակահարությունը այդ խուզարկությունների անվան ներքո… Ի՞նչ է կատարվում: Սա հարց չէ՞արդյոք̦ որ մենք մեր տան մեջ՝ ԵԽ-ում պետք է բարձրաձայնենք̦ բանաձև նախապատրաստելու խնդիր ունենանք՝ սրա հետ կապված:

Պարզագույն բան. Թուրքիայում տեղի են ունեցել նոր խորհրդարանական ընտրություններ̦ խայտառակ ընտրություններ… Պատվիրակության մանդատի ճանաչման խնդիր կա ձմեռային նստաշրջանում: Նոր պատվիրակություն է՝ նոր ընտրություններից եկած, արդյո՞ք այն պետք է միանշանակ, հանգիստ ճանաչվի:

Շատ թարմ օրինակ՝ հապա տեսե՛ք̦ թե ինչ է կատարվում Նադարանում: Սա նույն ԵԽԽՎ-ում քննարկելիք բլոկի հարց չէ՞ : Սա ուշադրություն հրավիրելու ու բանաձևի հասցնելու անհրաժեշտություն չունի՞:

Նորի՛ց եմ կրկնում՝ եթե մենք մինչ օրս մեզ կաշկանդված ենք զգացել բանակցային սեղանով և մեր պարտավորություններով̦ իրավիճակն այսօր մեզ թելադրում է ձեռքերը բացել: Եթե ինչ-որ կողմ իբրև թե իր մտահոգություններով քաղաքական դիվիդենտներ է շահում (Սարսանգը դրա լավագույն օրինակն է՝ հորինված մտահոգությամբ քաղաքական դիվիդենտ), ապա մեզ ի՞նչն է խոչընդոտում առանց հորինելու̦ իրական մտահոգությունը տան մեջ բարձրացնել և դրա հետ կապված որոշակի արդյունք հետապնդել մեր հարևանությամբ ավելի անվտանգ իրավիճակ ունենալու համար: Երկու դեպքում էլ դա մեր հարևանությունն է̦ ինչը պետք է հստակ աչքի առաջ ունենալ:

Աղբյուրը՝ armedia.am