Երիտասարդները քննարկել են ռուս-թուրքական լարվածությունն ու հայ-իրանական համագործակցության հեռանկարները

Ռուս-թուրքական լարված հարաբերությունները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրն, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են դեկտեմբերի 3-4-ին Երևանում տեղի ունեցած թրեյնինգի ժամանակ: Թրեյնինգն անցկացվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ՝ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի շրջանակներում, որըն իրականացվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Աշխատանքային օրը սկսվեց ամենաարդիական թեմաների կարճատև քննարկումից:

Քննարկվող թեմաների շարքում էին վերջին օրերին խորացող ռուս-թուրքական սրացումը: Ի՞նչ սպասել առաջիկայում, ի՞նչ զարգացում կունենա իրավիճակը̦ ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ Հայաստանի համար, ո՞րոնք են մեր առջև ծառացած գլխավոր մարտահրավերները: Հենց այս հարցերի պատասխանն էին փորձում գտնել թրեյնինգի մասնակիցները` անդրադարձ կատարելով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությանը, վերջին տարիներին կողմերի միջև խորացող տնտեսական համագործակցությանը̦ ինչպես նաև սիրիական հակամարտության համատեքստում կողմերի քաղաքական տարաձայնություններին: Հնչեց գաղափար, որի համաձայն՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը մի շարք մարտահրավերներին զուգահեռ Հայաստանի համար ստեղծում է նաև որոշակի հնարավորություններ և ստեղծված իրավիճակում իշխանությունները պետք է ցուցաբերեն որոշակի նախաձեռնողականություն:

Օրվա երկրորդ կեսին բանախոսը ներկայացրեց Հայաստանի հարևան Իրանի շուրջ և երկրի ներսում տիրող իրավիճակն` ընգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար բավական կարևորություն ունի, և մենք չենք կարող թերագնահատել սպասվող զարգացումները:

Որպես ասվածի ապացույց` բանախոսը մի շարք հետաքրքիր փաստեր ներկայացրեց: Իրանը 78̦5 միլիոն բնակչություն ունի̦ նրա տարածքը տարածաշրջանային մեկ այլ գերտերություն համարվող Թուրքիայից երկու անգամ ավելի մեծ է, իսկ Իրանի ՀՆԱ-ն 2014 թվականին կազմել է 1.3 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եվ սա այն դեպքում, երբ գործում են պատժամիջոցները:

Բանախոսը հիշեցրեց, որ առաջին պատժամիջոցները Իրանի նկատմամբ սկսել են կիրառվել դեռևս 1980 թվականից, երբ կասեցվեց Բուշեր ատոմակայանի կառուցումը: 1992 թվականին Իրանն, այնուամենայնիվ, պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ և 2010 թվականին ատոմակայանի շինարարությունն ավարտվեց:

2005-2013 թվականներին` Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին, Իրանն ակտիվացրեց միջուկային աշխատանքները, ավելի ուժեղացավ երկրի հակաամերիկյան քաղաքականությունը: Արդյունքում 2006 թվականին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ մտցվեցին, իսկ 2012 թվականին դրանք ավելի ուժեղացան` մեծ հարված հասցնելով հատկապես իրանական բանկերին:

2013 թվականին Իրանում իշխանության եկավ Հասան Ռոհանին, իշխանությունները սկսեցին որոշակի մեղմացման գնալ, բանակցություններ սկսվեցին միջուկային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներ և Գերմանիա) հետ, ինչի արդյունքում 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց միջուկային համաձայնագիրը:

2016 թվականի հունվարից ակնկալվում է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է աստիճանաբար հանվեն: Պատժամիջոցների չեղարկմանը զուգահեռ սպասվում է, որ Իրանը հսկայական տնտեսական աճ է գրանցելու: Իր էներգակիրների շնորհիվ Իրանն առաջնային կարևորություն ունի Եվրոպայի համար: Իրանում է տեղակայված աշխարհի նավթի պաշարների 13%-ը̦ իսկ գազի պաշարներով Իրանն աշխարհում երկրորդ տեղում է:

Իրանը վերադառնալու է միջազգային շուկա: 2016 թվականին նախատեսվում է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ կատարել Իրանում, արդեն կանխատեսումներ կան, որ Իրանի ՀՆԱ-ն 5.5% աճ պետք է գրանցի: 110-ից 130 միլիարդ իրանական սառեցված ակտիվները վերադառնալու են իրանական տնտեսություն:

Սա նշանակում է, որ Իրանը կարող է տնտեսական առումով դառնալ թիվ 1 երկիրը տարածաշրջանում: Սա հատկապես հակասում է Թուրքիայի շահերին: Մեծապես կտուժի նաև Ադրբեջանը, որը կկորցնի էներգակիրների միջնորդ մատակարարողի իր դերակատարումը: Իրանի էներգետիկ ծրագրերի իրականացման պարագայում թուլանալու են նաև Ռուսաստանի լծակները Եվրոպայի վրա:

Փոխարենը լավ հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի համար, և մենք պետք է ամեն ինչ անենք Իրանի բարգավաճումից օգուտներ ստանալու համար` հաշվի առնելով այն հանգամանքը̦ որն Իրանը ևս օբյեկտիվորեն մեր կարիքն ունի: Բանախոսը կարծիք հայտնեց, որ Իրանին մենք շատ ենք պետք, քանի որ Իրանի համար Հայաստանն այլընտրանք չունի:

Այս տեսանկյունից կարևորվեց Հայաստանի կողմից ակտիվ նախաձեռնողականության, նոր գաղափարների և ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտությունը: Քննարկման մասնակիցներն անհատական աշխատանքներում փորձեցին գործողությունների ծրագիր առաջարկել, որով Հայաստանը պետք է առաջնորդվի Իրանի հետ հարաբերությունները կառուցելիս:

Հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև իսլամական աշխարհում Իրանի դերակատարմանը, Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարներին, այս գործընթացում Հայաստանի հնարավոր դերակատարմանը:

09.12.2015