«ՀՀ-ԵԱՏՄ. Հայաստանի դերն ու կապերի զարգացման հնարավորությունները». Առաջարկում են երիտասարդները – 1

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի ընթացքում անցկացված երկրորդ թրեյնինգի շրջանակում մասնակիցներին առաջարկվել է քննարկել ՀՀ ինտեգրացիոն գործընթացները և զարգացումները տարածաշրջանում: Բացի այդ՝ մասնակիցներին հանձնարարվել է մշակել առաջարկներ՝ ուղղված ԵԱՏՄ ներքո Հայաստանի դերի ամրապնդմանն ու ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը:

Ստորև ներկայացվում են մասնակիցների առաջարկներից մի քանիսը:

Մելինե Ավագյանը նշել է, որ Հայաստանը հատուկ ԵԱՏՄ քաղաքացիների համար կարող է առաջարկել հանգստի մատչելի հնարավորություններ՝ համագործակցելով տուրիստական ընկերությունների հետ և ստեղծելով հատուկ պայմաններ: Բացի այդ՝ նա առաջարկել է ՀՀ բուհերում արտոնյալ պայմաններ ապահովել ԵԱՏՄ երկրների ուսանողների համար, «որ շատ ուսանողներ, ովքեր հետագայում միգուցե իրենց երկրում որևէ պետական պաշտոն զբաղեցնեն, ճանաչեն Հայաստանն ու իրենց նպաստը բերեն Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»:

ԵԱՏՄ երկրների փոխճանաչելիության բարձրացման նպատակով Աստղիկ Մելիք-Քարամյանն առաջարկել է աշխուժացնել համատեղ երիտասարդական ծրագրերը, կրթական փոխանակումներն ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:

Անահիտ Պողոսյանն առաջարկել է, որ Հայաստանն իր վրա վերցնի ԵԱՏՄ branding-ի խնդիրը՝ ներկայացնելով ԵԱՏՄ-ն որպես բազմատարր կառույց, որը միավորում է տարբեր ծագում ունեցող ազգերի (թյուրքական, սլավոնական, արիական): Բացի այդ, «օգտվելով մեծաքանակ Սփյուռքի ընձեռած հնարավորություններից, ՀՀ-ն կարող է շատ հարցերում հանդես գալ ԵԱՏՄ շահերը ներկայացնողի և առաջ տանողի դերում»,- նշել է նա:

ԵԱՏՄ ներքո Հայաստանի ուրույն դերի ամրապնդման նպատակով Անահիտ Պողոսյանն առաջարկել է ձևավորել փորձագիտական մեծ կենտրոն՝ ուղղված կառույցի զարգացման նպատակով վերլուծությունների մշակմանը: Կենտրոնը կներառի մասնագետների ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներից:

Տաթևիկ Բեգլարյանը ԵԱՏՄ անդամ երկրների հասարակությունների շրջանում պահպանված կարծրատիպերը հաղթահարելու, ինչպես նաև փոխճանաչելիության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է անցկացնել մասնագիտական ոլորտային համաժողովներ, սեմինարներ՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Տարբեր ոլորտների մասնագետների միջև կապերի հաստատումը կնպաստի կառույցի հետագա կայացմանն ու որակական բարելավմանը»,- նշել է Տաթևիկը: Նա հատկապես կարևորել է երիտասարդների միջև կապերի և համագործակցության խթանումը:

Մասնակիցների կողմից մեծ կարևորություն է տրվել հասարակությունների միջև շփումներին, փոխայցելություններին, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասին առավել մանրամասն և հավաստի տեղեկատվության փոխանցմանը: Միասնական տեղեկատվական, վերլուծական դաշտի ստեղծումը, մասնակիցների կարծիքով, կարող է մեծապես խթանել կառույցի կայացմանը:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ armedia.am