«ՀՀ-ԵԱՏՄ. Հայաստանի դերն ու կապերի զարգացման հնարավորությունները». Առաջարկում են երիտասարդները – 2

«Երիտասարդության ձայնը 4.  նոր շրջան» ծրագրի ընթացքում անցկացված երկրորդ թրեյնինգի շրջանակում մասնակիցներին առաջարկվել է քննարկել ՀՀ ինտեգրացիոն գործընթացները և զարգացումները տարածաշրջանում: Բացի այդ՝ մասնակիցներին հանձնարարվել է մշակել առաջարկներ՝ ուղղված ԵԱՏՄ ներքո Հայաստանի դերի ամրապնդմանն ու ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը:

Ստորև ներկայացվում են մասնակիցների առաջարկներից մի քանիսը:

ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից օգտվելով՝ ՀՀ արտահանման ծավալները մեծացնելու համար Յանա Ավանեսյանն առաջարկել է շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում արտադրվող ապրանքներն էկոլոգիապես մաքուր են և մատչելի գնի դեպքում կարող են մեծ պահանջարկ ունենալ ԵԱՏՄ շուկայում: Հիմնական խնդիրն այստեղ նա համարում է տրանզիտային մատչելի պայմանների ապահովումը:

Մարիաննա Ամիրխանյանն իր հերթին առաջարկել է հիմնական ուշադրությունը սևեռել Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վրա: Նա առաջարկել է ծրագիր մշակել գյուղատնտեսական միջավայրի բարելավման, նորարարական մեթոդների կիրառման և գյուղացիների համար «մոտիվացնող» պայմանների ապահովման համար:

Հովիկ Վերանյանը նշել է, որ Հայաստանը կարող է ՏՏ ոլորտում առաջարկել իր ունեցած փորձն ու «մատակարար դառնալ ողջ ԵԱՏՄ-ի համար»: «Հայաստանում այսօր արդեն իսկ բացվել և գործում են տեխնոպարկեր և այդ ոլորտի կրթական հաստատություններ, որոնք, բացի տեխնոլոգիաներ տրամադրելուց, կարող են նաև ուսուցում ապահովել ԵԱՏՄ այլ անդամների ներկայացուցիչներին»,- նշել է նա:

Էրիկ Իսրայելյանն առաջարկել է զարգացնելով ԵԱՏՄ ներքո երիտասարդական, կրթական, մշակութային ծրագրերը Հայաստանը դարձնել նմանատիպ ծրագրերի, ինչպես նաև կրթական կենտրոն ԵԱՏՄ համար:

Վահե Ղուկասյանն առաջարկել է զարկ տալ ՀՀ բանկային համակարգի զարգացմանը՝ հավակնելով մեծացնել Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ բանկային համակարգում և հատուկ տեղ զբաղեցնել այդ ոլորտում:

Առողջապահության ոլորտում որոշակի ձեռքբերումների վրա հիմնվելով՝ Լիանա Հովհաննիսյանն առաջարկել է Հայաստանում ստեղծել ԵԱՏՄ ուռուցքաբանության կենտրոն՝ ներգրավելով ներդրումներ և մասնագետների նաև ԵԱՏՄ մյուս երկրներից: «Կենտրոնում գործունեություն կծավալեն ԵԱՏՄ առաջատար մասնագետները, ովքեր կվերապատրաստվեն տվյալ ոլորտում առաջընթաց գրանցած երկրներում»,- նշել է Լիանան:

Մասնակիցներն առաջարկել են նաև օգտվել ԵՄ հետ համագործակցության ընձեռած հնարավորություններից և ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան ավանդական բարեկամական հարաբերություններից՝ ԵԱՏՄ արտաքին կապերը զարգացնելու և այդ համատեքստում մեր ուրույն դերակատարումը ունենալու նկատառումով:

Հիշեցնենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ armedia.am