Երիտասարդներն առաջարկել են վստահության միջոցառումների իրենց տարբերակները – 1

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը հակամարտություններն էին Հարավային Կովկասում, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը:

Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել հակամարտության կողմերի միջև վստահության կառուցման և բանակցային գործընթացն առաջ մղելու վերաբերյալ: Ստորև կներկայացնենք մասնակիցների գաղափարներից մի քանիսը՝ վերաբերող հասարակությունների միջև շփումների խթանմանն ու փոխադարձ վստահության կառուցմանը:

Հասարակությունների միջև շփումների խթանման տեսակետից մասնակիցները կարևորել են այնպիսի նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան կոտրելու կարծրատիպերը, համագործակցության հարթակներ փնտրելու և աշխատելու ընդհանուր հարցերի շուրջ: Հատկապես մեծ տեղ է հատկացվել երիտասարդների ներգրավմամբ նման ծրագրերի իրականացմանը:

Լուսինե Քալանթարյանն առաջարկել է խրախուսել նամակագրական կապի հաստատումը նախկին հարևանների միջև, ովքեր հեռացել են իրենց տներից պատերազմի հետևանքով: «Կարելի է փորձել հաստատել նամակագրական կապ, նպաստել կոնտակտների փոխանակմանը, օգնել մարդկանց նկարներ, տեղեկատվություն փոխանակել, վերականգնել բարիդրացիական հարաբերությունները»,- նշել է Լուսինեն:

Տաթևիկ Բեգլարյանն առաջարկել է ձևավորել ընդհանուր տնտեսական հարթակ, որտեղ հակամարտող կողմերի ներկայացուցիչները միմյանց հետ շփվելու հնարավորություն կունենան: Նա, որպես օրինակ՝ դիտարկել է Վրաստանի Սադախլու շուկան, որտեղ առևտուր են անում ու միաժամանակ միմյանց հետ շփվում հայ և ադրբեջանցի առևտրականները: Որպես կողմերի շփման հարթակ նա նաև առաջարկել է համատեղ փառատոնների անցկացումը: Բացի այդ՝ Տաթևիկը նշել է, որ «ընդհանուր թշնամու դեմ պայքարը ևս կարող է նպաստել միմյանց միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը, ինչպես, օրինակ, ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարն է»:

Հայկազ Նահապետյանը հասարակությունների միջև երկխոսության խթանման գործընթացում առաջարկել է տեղ հատկացնել նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում կողք կողքի բնակվող հայկական և ադրբեջանական համայնքների միջև երկխոսությանը, նրանց կապերի օգտագործմանը:

Մասնակիցներից շատերն առաջարկել են նաև ՀՀ-ԼՂՀ-Ադրբեջան եռակողմ հանդիպումներ անցկացնել երիտասարդների համար, որոնց ընթացքում վերջիններս կքննարկեն ոչ քաղաքական հարցեր կամ կմասնակցեն դերային խաղերի: Նպատակը կլինի նրանց միջև շփման խթանումն ու կարծրատիպերի կոտրումը: Որպես նման շփման հարթակ՝ առաջարկվել է օգտագործել նաև համացանցը՝ ծավալելու համար քննարկումներ սովորական քաղաքացիների միջև:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ և նպաստել նոր գաղափարների գեներացիային:

Աղբյուրը՝ armedia.am