Երիտասարդներն առաջարկել են վստահության միջոցառումների իրենց տարբերակները – 2

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը հակամարտություններն էին Հարավային Կովկասում, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը:

Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել հակամարտության կողմերի միջև վստահության կառուցման և բանակցային գործընթացն առաջ մղելու վերաբերյալ: Ստորև կներկայացնենք մասնակիցների գաղափարներից մի քանիսը՝ վերաբերող պետական մակարդակով ձեռնարկվելիք հնարավոր քայլերին՝ ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Որոշ մասնակիցներ կարևորել են մարդասիրական հարցերում հանդուրժողականություն դրսևորելն ու միմյանց ընդառաջ քայլեր կատարելը: Օրինակ՝ Աստղիկ Մելիք-Քարամյանն առաջարկել է խրախուսել, որպեսզի բոլոր երեք կողմերի ղեկավարները ցավակցեն միջադեպերի հետևանքով տուժածների ընտանիքներին: Նա առաջարկել է «հումանիտար խնդիրներում ցուցաբերել հանդուրժողականություն, եթե հնարավոր է, նաև համագործակցություն հաստատել, կողմերից մեկի համար աղետալի դեպքերի ժամանակ ցավակցություն հայտնել»:

Հովիկ Վերանյանն առաջարկել է ստորագրել նոր եռակողմ հրադադարի համաձայնագիր և հետևել դրա խիստ կատարմանը՝ սահմաններին տեղադրելով վերահսկողական և մոնիթորինգային սարքեր: «Այն կողմը, որը կխախտի հրադադարի ռեժիմը, ստիպված կլինի հակառակ կողմին վճարել ֆինանսական տույժ՝ կախված վնասի չափից»,- նշել է Վերանյանը: Նա նաև առաջարկել է վերացնել շրջափակումը և վերականգնել ապրանքաշրջանառությունը երկրների միջև, սահմանային որոշ կետերում ստեղծել գյուղատնտեսական ապրանքների շուկաներ:

Յանա Ավանեսյանն առաջարկել է կազմակերպել տեղեկատվության փոխանակում ականապատված տարածքների վերաբերյալ: «Դեռևս պատերազմի ժամանակ հակամարտող կողմերը տարածքների ականապատում են իրականացրել: Որպես կանոն, կողմերից յուրաքանչյուրը քարտեզագրում է իր կողմից ականապատված տեղանքը: Կառաջարկեի կողմերին փոխանակել տեղեկատվությունը նման տեղանքների մասին»,- նշել է նա: Նա առաջարկել է նաև կողմերի միջև պետական մակարդակով համագործակցություն հաստատել փախստականներին փաստաթղթային հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Յանա Ավանեսյանը, որպես կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար միջոց՝ կարևորել է նաև ադրբեջանական «սև ցուցակի» վերացումը:

Մագդա Արսենյանն առաջարկել է նախաձեռնել միջազգային դիտորդների ներգրավմամբ հանդիպում ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ ղեկավարների միջև, որը նպատակ կհետապնդի քննարկելու տարածաշրջանային անվտանգության խնդիրները: «Հանրային դիվանագիտության մակարդակում կազմակերպել ԶՈՒ միջև գիտաժողովներ, հանդիպում-քննարկումներ»,- նշել է Մագդան: Նա առաջարկել է նաև ԵԱՀԿ ԽՎ հարթակում Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների համագործակցության արդյունքում հանդես գալ հանդուրժողականության կոչ պարունակող զեկույցով, զեկույցի պատրաստման աշխատանքների ընթացքում կազմակերպել հանդիպում-քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ:

Մասնակիցները կարևորել են այլատյացություն քարոզող և ռազմատենչ բնույթի կոչերի ու հայտարարությունների կանխարգելումը, ինչպես նաև համագործակցությունը տարածաշրջանի համար ընդհանուր կարևորություն ունեցող հարցերի շուրջ:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ armedia.am