Երիտասարդներն առաջարկել են ահաբեկչության դեմ միջազգային պայքարի հնարավոր եղանակների իրենց տարբերակները – 1

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը ահաբեկչության դեմ միջազգային պայքարն էր և այդ պայքարի արդյունավետությունը:

Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել ահաբեկչության դեմ միջազգային պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

Ստորև կներկայացնենք մասնակիցների առաջարկներից մի քանիսը:

Ահաբեկչության դեմ միջազգային պայքարը առավել արդյունավետ դարձնելու հարցում մասնակիցներից շատերը կարևորեցին պայքարում ներգրավված կողմերի՝ Արևմտյան դաշինքի և ՌԴ-ի միջև համագործակցության անհրաժեշտությունը:

Մասնակիցներից Աստղիկ Մելիք-Քարամյանը, օրինակ, առաջարկում է ստեղծել ՆԱՏՕ-ՀԱՊԿ դաշինք, որը կպայքարի Մերձավոր Արևելքում ծայրահեղական ուժերի դեմ: Բեգլարյան Տաթևիկը առաջարկում է միջազգային հանրությանը միավորել ջանքերը և կանխել ահաբեկչության նպատակով իրականացվող ռազմատեխնիկական միջոցների վաճառքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս համատեքստում Հովիկ Վերանյանը առաջարկում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնց միջոցով զինամթերքը ի վերջո հասնում է ԻՊ-ի զինյալներին:

Մասնակից Վահե Ղուկասյանն առաջարկում է Ինտերպոլի օրինակով ստեղծել նոր միջազգային, վերպետական հաստատություն. «Եթե միջազգային հանցավորության դեմ պայքարի համար գոյություն ունի Ինտերպոլ, ապա պետք է ստեղծվի նաև նոր միջազգային հաստատություն, վերպետական կառույց, որը մասնագիտացված կլինի հենց ահաբեկչության դեմ պայքարում»:

Շանթ Գրիգորյանը ծայրահեղականության դեմ տեղեկատվական պայքարում առաջարկում է «խոսափող տալ» այն մուսուլմաններին, ովքեր դեմ են ծայրահեղականությանը, ատելությանը և թշնամանքին, այսպիսով, ինչպես մասնակիցը ինքն է փաստում, «խթանել իսլամական ռեֆորմացիոն դիսկուսին»: Հայկ Կարապետյանը նույնպես կարծում է, որ ԻՊ-ի դեմ քարոզչական պայքարում կարող են արդյունավետ լինել իսլամական աշխարհում հեղինակություն վայելող հոգևորականների ելույթները՝ ընդդեմ ԻՊ-ի գաղափարախոսության:

Չկրկնվող և առնվազն մտածելու տեղիք տվող էր մասնակից Էրիկ Իսրայելյանի առաջարկը՝ զուգահեռներ անցկացնել ծայրահեղականության և գաղթականների խնդիրների միջև: Մասնակիցը նշում է, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ արդյունքի հասնել ԻՊ-ի դեմ պայքարում, և անհրաժեշտ է օգտագործել ցամաքային ուժ: «Սակայն ինչո՞ւ պետք է ռուս, ֆրանսիացի կամ ամերիկացի զինվորը զոհվի՝ հանուն Սիրիայի կամ Իրաքի: Ուստի, կարծում եմ, անհրաժեշտ է Սիրիայի և Իրաքի գաղթականների մի մասին ընդգրկել ցամաքային ուժերի մեջ և ուղարկել իրենց հայրենիքները պաշտպանելու»,- նշել է Էրիկը:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների հարցում և նպաստել նրանց մտքի գեներացիային:

Աղբյուրը՝ armedia.am