Երիտասարդներն առաջարկել են ահաբեկչության դեմ միջազգային պայքարում ՀՀ հնարավոր քայլերի իրենց առաջարկները -2


«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը ահաբեկչության դեմ միջազգային պայքարն էր և այդ պայքարում ՀՀ հնարավոր դերակատարությունը:

Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել պայքարում ՀՀ հնարավոր դերակատարության վերաբերյալ: Ստորև կներկայացնենք մասնակիցների գաղափարներից մի քանիսը:

Պետք է նշել, որ մասնակիցների մեծ մասը միջազգային պայքարում ՀՀ հնարավոր ներդրումը պատկերացնում է հումանիտար օգնության շրջանակներում: Օրինակ՝ մասնակիցներից Յանա Ավանեսյանը կարծում է, որ մինչև Սիրիայում իրավիճակի կայունացումը ՀՀ-ն կարող է Սիրիայի ժողովրդի համար տարբեր ճամբարներ կազմակերպել. «Սիրիայի այն երեխաները և պատանիները, ովքեր ստեղծված իրավիճակի պատճառով զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից, կարող են այդ բացը լրացնել նման ճամբարներում»:

Ծրագրի մեկ այլ մասնակից Մագդա Արսենյանը կարծում է, որ ԼՂՀ և ՀՀ խորհրդարանները պետք է ճանաչեն ԻՊ-ը՝ որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մասնակից Արփինե Հովսեփյանը, անդրադառնալով Սիրիայում դեռևս բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու և շահերը պաշտպանելու անհրաժեշտությանը, նշում է. «ՀՀ-ն պետք է դիտարկի զարգացման հնարավոր բոլոր սցենարները և օգտագործելով Սիրիայում հայկական համայնքի, ինչպես նաև դիվանագիտական բոլոր ռեսուրսները՝ խորհրդակցություններ անցկացնի տեղի ուժերի հետ և անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանա»:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է«Եվրոպական ինտեգրացիա»  ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ և նպաստել նոր գաղափարների գեներացիային:

Աղբյուրը՝ armedia.am