Սերբիա-ԵՄ. անդամակցության բանակցությունները մեկնարկել են

Սերբիան պաշտոնապես ԵՄ-ի հետ սկսում է անդամակցության բանակցությունները: 2012 թվականին թեկնածու երկրի կարգավիճակ ստացած Սերբիան Բրյուսելում կայացած միջկառավարական համաժողովի ժամանակ բացել է բանակցային հարթակի առաջին երկու գլուխները̦ հայտնում է Радио Свобода-ն: Պաշտոնական տվյալների համաձայն, դրանք 32-րդ և 35-րդ գլուխներն են: Առաջինը կապված է ֆինանսական վերահսկողության հարցերի հետ̦ իսկ երկրորդը նվիրված է 2008 թվականին Սերբիայից իր անկախությունը հռչակած Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ընդհանուր առմամբ̦ բանակցային հարթակը բաղկացած է 35 գլուխներից: 2016 թվականի առաջին կեսին ակնկալվում է̦ որ երկխոսությունը կսկսվի 23-րդ և 24-րդ գլուխների շուրջ:

ԵՄ-ին անդամակցության շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարվել է դեռևս 2014 թվականին̦ սակայն առաջին գլուխների բացումը զգալի ժամանակ պահանջեց: Նոյեմբերին Բելգրադը ստացավ դրական գնահատականներով Եվրոպական հանձնաժողովի զեկույցը եվրոպական չափանիշներին մոտենալու հարցում Սերբիայի առաջընթացի վերաբերյալ: Միաժամանակ, Եվրահանձնաժողովը Բելգրադին կոչ արեց իր արտաքին քաղաքականությունն ավելի մեծ չափով համապատասխանեցնել ԵՄ-ի քաղաքականության հետ:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակարար Յոհանես Հանն օրեր առաջ Բերլգրադ կատարած այցի ժամանակ կոչ արեց Սերբիայի իշխանություններին օգտագործել բարենպաստ պահը հիմնարար բերափոխումներ սկսելու համար: Նա հայտարարեց̦ որ ԵՄ-ն ակնկալում է, որ Սերբիան առանձնակի ջանքեր կներդնի օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի̦ խոսքի ազատության ամրապնդման համար և հետագա քայլեր կձեռնարկի Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Ի դեպ̦ այս ուղղությամբ զգալի առաջընթաց կա: Օգոստոսին Սերբիան և Կոսովոն Բրյուսելում համաձայնագիր կնքեցին: Եվրամիության միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչները մի փաստաթուղթ ստորագրեցի, որը ենթադրում է համագործակցություն 4 կարևորագույն ոլորտներում̦ այդ թվում էներգետիկայի̦ հեռահաղորդակցության և դատարանների հարցում: Ինչպես նշում է Newsru.ua-ն, համաձայնագիրը նախատեսում է̦ որ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը զգալի իրավունքներ և տեղի տնտեսության և կրթության վրա ազդելու̦ ինչպես նաև Բերգրադից ֆինանսավորում ստանալու հնարավորություն են ունենալու: Իսկ ինքնահռչակված Կոսովոն սեփական հեռախոսային կոդն է ունենալու:

Որպես «պարգևատրում»` 2015 թվականի հոկտեմբերին ԵՄ-ն Կոսովոյի հետ կայունացման և ասոցացիայի մասին համաձայնագիր ստորագրեց: Իսկ հիմա էլ հայտարարվում է Սերբիայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին: Այսինքն̦ կարգավորելով հարաբերությունները միմյանց հետ` Սերբիան և Կոսովոն ԵՄ-ին ինտեգրվելու հնարավորություն են ստանում:

 Աղբյուրը՝ armedia.am