Երիտասարդներն առաջարկել են Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման իրենց տարբերակները – Մաս 2

«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի հերթական հանդիպման ժամանակ մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողները ներկայացրին Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման իրենց առաջարկները:

Համագործակցության հնարավոր ոլորտների շարքում մասնակիցները առանձնացրին տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական, կրթական և մի շարք այլ ոլորտներ:

Ստորև ներկայացնում ենք մասնակիցների առաջարկներից մի քանիսը:

Օրինակ՝ Անի Ղուկասյանն առաջարկում է մշակել Իրան-Հայաստան համատեղ ռազմավարություն՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես, օրինակ, ահաբեկչություն, թմրամիջոցների դեմ պայքար և այլն:

 Անդրադառնալով փոխադարձ ճանաչելիության խնդրին՝ մասնակից Աստղիկ Մելիք-Քարամյանը հետաքրքիր համեմատական է անցկացնում՝ փաստելով. «Երկու ժողովուրդների միջև փոխճանաչելիության մակարդակի բարձրացումը կարող է նպաստել առկա բացասական կարծրատիպերի վերացմանը: Եթե խնդիրը դիտարկենք օրինակ զբոսաշրջության ոլորտում, ապա Իրանում հանգստանալը հայերի համար չի կարող ավելի խնդրահարույց լինել, քան, օրինակ, Թուրքիայում: Պատճառը ուղղակի իրազեկվածության ցածր մակարդակն է»:

Մագդա Արսենյանն առաջարկում է մշակել Իրան-Հայաստան համատեղ քաղաքակրթական ռազմավարություն, որի նպատակը կլինի երկու ժողովուրդների միջև կրոնական, մշակութային երկխոսության զարգացումը:

Էրիկ Իսրայելյանն առաջակում է զարգացնել Իրան-Հայաստան համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում՝ միևնույն ժամանակ չսահմանափակվելով միայն մայրաքաղաք Երևանով. «Անհրաժեշտ է զարգացնել էկոտուրիզմը, խթանել զբոսաշրջության զարգացմանն Արցախում, Սյունիքում, Դիլիջանում և այլն»:

Մասնակից Վահե Ղուկասյանը Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գործոն է համարում ցանկացած ոլորտում միմյանց համար թափանցիկ լինելու նախապայմանը. «Իրանցի գործարարի համար ՀՀ քաղաքացու ժպիտը նույնքան կարևոր կարող է լինել, որքան, օրինակ, որևէ հարկային արտոնություն»:

Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացի» ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ և նպաստել նոր գաղափարների գեներացիային:

Աղբյուրը՝ armedia.am