ԵՄ-ն 30 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին ընդունել է 30 միլիոն եվրո արժողությամբ Հայաստանի աջակցության նոր փաթեթը, որն օգնելու է Հայաստանին ապահովել աշխատանքի ավելի լավ հնարավորություններ, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը և բարելավել որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարելով նոր փաթեթի մասին` Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ասել է. «Այս նոր աջակցությունը մեր արևելյան գործընկերոջը թույլ կտա իրականացնել կարևոր բարեփոխումներ: Սա լավ նորություն է Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ այս բարեփոխումները̦ լինեն դրանք հանրային ծառայությունների բարելավում կամ աշխատանքի հնարավորությունների ավելացում, անմիջականորեն նրանց են օգուտ բերելու»:

«Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատատեղերի համար» գործողությունների ծրագիրը, որի արժեքը 15 միլիոն եվրո է, ուղղված է լինելու Հայաստանում աշխատաշուկայի արդյունավետությունը և աշխատուժի աշխատունակությունը բարձրացնելուն` հատուկ ուշադրություն հատկացնելով զբաղվածությանը գյուղատնտեսության ոլորտում:

«Հանրային ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիրը»̦ որի արժեքը կազմում է 10 միլիոն եվրո̦ ուղղված կլինի Հայաստանում հանրային ծախսերի հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը` միջազգային չափանիշների և փորձի համապատասխան: Ծրագիրը պետք է նպաստի նաև կոռուպցիայի կանխարգելմանը:

5 միլիոն արժողությամբ «Քաղաքացիական հասարակության ճկունություն» ծրագիրը մեծացնելու է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը` արդյունավետ մասնակցելու ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին: Ծրագիրը բարելավելու է ՀԿ-ների կազմակերպչական կարողությունները̦ ինչպես նաև քաղաքականության մշակման/դիտարկման գործընթացում ներգրավվելու նրանց կարողությունները:

Աղբյուրը՝ armedia.am