Տարածաշրջանային անվտանգություն-ԵՄ. կլոր-սեղան քննարկում

Դեկտեմբերի 17-ին Chatham House ձևաչափով տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչների, հայաստանյան լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների մասնակցությամբ: Քննարկումն ընթացավ «Տարածաշրջանային անվտանգության հարցերը ԵՄ օրակարգի համատեքստում» թեմայի ներքո:

Քննարկմանն անդրադարձ կատարվեց հակամարտությունների կարգավորման վրա Եվրոպայի ազդեցությանը՝ մասնավորապես նրան, թե Եվրոպան ինչ քայլեր է ձեռնարկվում ղարաբաղյան, հարավօսական, աբխազական և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

Քննարկման մասնակիցները կարևորեցին տարածաշրջանային հարցերի վերաբերյալ (հատկապես նրանց, որոնք առավել շատ առնչություն ունեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությանը) Հայաստանի առավել սերտ համագործակցությունը թե ԵՄ-ի հետ որպես կառույց, թե ԵՄ անդամ պետությունների հետ: Նրանք նշեցին, որ այդ հարաբերությունները չպետք է սահմանափակվեն պետական կառույցների միջև համագործակցությամբ, այլ այս հարցում իրենց լուրջ ներդրումը կարող են ունենալ հայաստանյան և արցախյան ԶԼՄ-երը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունն ընդհանրապես: Մասնակիցների պնդմամբ՝ նրանց ճիշտ, թիրախավորված աշխատանքը իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:

Նշենք, որ կլոր-սեղան քննարկումը կազմակերպել էր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ armedia.am