ԱլԳ 4-րդ գագաթաժողովից դեպի 5-րդը

Քաղաքական ամփոփագիր

Սույն ամփոփագիրը մշակվել է 2015թ. նոյեմբերի 12-ին անցկացված «ԱլԳ 4-րդ գագաթաժողովից դեպի 5-րդը. նպատակների, գործողությունների ծրագրի սահմանում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն՝ հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը կայանալու է երկու տարի անց, սակայն անհրաժեշտ է դրան պատրաստվել արդեն այսօրվանից՝ սահմանելով մեր ակնկալիքներն ու նպատակները։ Ի՞նչ ենք սպասում ԱլԳ 5-րդ գագաթաժողովից ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում, և որո՞նք պետք է լինեն մեր քայլերը՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։

ԱլԳ հաջորդ գագաթաժողովից ունեցած հիմնական ակնկալիքներն առնչվում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքն ապահովող փաստաթղթին։ Ակնկալվում է, որ այս տարի մեկնարկող ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքում կհամաձայնեցվի, կստորագրվի և կվավերացվի, իսկ գագաթաժողովի ժամանակ ուժի մեջ կմտնի երկկողմ նոր համաձայնագիրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր փաստաթուղթը հիմնվելու է արդեն իսկ բանակցված և համաձայնեցված Ասոցացման համաձայնագրի վրա, երկու տարին բավարար ժամկետ է նախքան գագաթաժողովը բանակցություններն ավարտելու և փաստաթուղթը ստորագրած լինելու համար։ Հարկավոր է հաշվի առնել, որ Եվրոպայի հետ համագործակցության գործընթացում կորսված տարիների ընթացքում շարունակելու է զարգանալ ինտեգրացիոն մյուս՝ եվրասիական ուղղությունը, և այդ տարիները կարող են հանգեցնել բալանսների ոչ ցանկալի խախտման։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման արագությունը կախված է նաև առավել լայն տարածաշրջանային գործընթացների` մասնավորապես ԵՄ-ՌԴ հարաբերությունների զարգացումից։ Եվ այդ հարաբերություններում առաջընթացը դիտարկվում է որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների արագ առաջընթացի խթան կամ առնվազն դրա համար կարևոր գործոն։ ՀՀ իշխանությունները ԵՄ հետ համագործակցությունը շարունակելու քաղաքական կամքի պակաս չունեն, և դա հասկանալի ու ընկալելի է եվրոպացի գործընկերների համար, ինտեգրացիոն գործընթացի տեմպը մեծապես այսօր կախված է եվրոպական կողմից։

Բացի այդ՝ առաջընթացի համար կարևոր են նաև հանրային տրամադրություններն ու աջակցությունը գործընթացին։ Հայաստանում եվրոպական ինտեգրացիոն գործընթացների հանրային աջակցության կարևորագույն խնդիրներից մեկը եվրոպական ուղղության և ընդհանրապես Եվրոպայի PR-ի պակասն է, դրա թերի կամ թյուր ներկայացումը, ինչպես նաև առանձին եվրոպական կառույցների կողմից հակահայկական բանաձևերի և հայտարարությունների ընդունումը, որոնք կարող են հանգեցնել այդ կառույցի և ընդհանրապես Եվրոպայի նկատմամբ որոշակի «բարիկադավորման»։ Օրինակ՝ ԵԽԽՎ-ի կողմից Ղարաբաղյան հակամարտությանն ուղղակի կամ անուղղակի առնչվող բացահայտ կողմնակալ և հակահայկական երկու զեկույցների պատրաստումը, որոնք բանաձևի նախագծի տեսքով 2016թ. հունվարի 25-29 կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ դրվելու են հաստատման (Տե՛ս՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են»),  խիստ բացասաբար ընկալվեց  թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի հանրությունների կողմից: Բանաձևի տեսքով ԵԽԽՎ-ի կողմից դրանց հաստատման դեպքում կարող են առաջանալ խորքային խնդիրներ և բացասական տրամադրություններ հարուցել ԵՄ-ի, եվրոպական կառույցների հանդեպ:

Կարևոր են հանրության լայն իրազեկումը, տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանումը, հանրային բացասական և անցանկալի տրամադրությունների կանխարգելումը, ինչպես նաև եվրոպական ինտեգրման գործընթացի առավելությունների ներկայացումը։

Հանրության հետ աշխատանքի, ինչպես նաև նոր գաղափարների գեներացման գործընթացում մեծ դերակատարում կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը։ Քաղաքացիական հասարակության և պետության համագործակցությունը շատ կարևոր է այս փուլում, թե՛ հանրության իրազեկման, թե՛ եվրոպական արժեհամակարգի և ինտեգրացիոն գործընթացի առավելությունների ներկայացման, թե՛ նոր գաղափարների գեներացման և դրանց իմպլեմենտացման առումով։ ՔՀԿ-ներն առավել անկաշկանդ են իրենց գործունեության մեջ և ազատ գործիքակազմի ընտրության հարցում, նրանք կարող են լինել մի կողմից հանրությունն ու պետությունը շաղկապող օղակ, մյուս կողմից՝ գործընթացի առաջմղման համար կարևոր գաղափարներ գեներացնող և դրանք իրականացնող։

Իսկ որո՞նք կարող են լինել մեր գործողությունները եվրաինտեգրման նկատմամբ հանրության վստահության բարձրացման, ինչպես նաև ԱլԳ հաջորդ գագաթաժողովի նախապատրաստման առումով։

ԵՄ-ից մեր ակնկալիքները հասկանալու և հստակ սահմանելու համար նախ հարկավոր է հստակեցնել մեր սպասելիքները Եվրոպայի հետ համագործակցությունից, ինչպես նաև մեր անելիքները։ Այդ համատեքստում հարկավոր է դիտարկել նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև կամ ԵՄ հովանու ներքո գործող ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ գործողությունները: Օրինակ՝ անհրաժեշտ է վերանայել ու քննարկել Հայաստանի և Վրաստանի միջև եվրառեգիոնների ձևավորման փորձը, Հայաստանում իր գործունեությունը դադարեցրած ԵՄ կենտրոնի (EU Center), իր գործունեությունը կասեցրած ԵՄ Խորհրդատվական խմբի վերագործարկումը և այլն, ինչպես նաև առանձին ոլորտներում բարեփոխումների ուղղված ծրագրերի արդյունավետության գնահատում իրականացնել, քննարկել դրանց մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը և այլն։

Հայաստանը, ելնելով իր համար գերակա ուղղություններից և իր կողմից սահմանված նպատակներից, անկախ ԵՄ աջակցությունից, պետք է իրականացնի բարեփոխումներ, խորացնի արդեն իսկ իրականացվողները (բարեփոխումներ արդարադատության, ոստիկանության, կրթության, պետական կառավարման համակարգում, օրենսդրական ընթացակարգերում, սահմանային անցակետերի արդիականացման հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսական մենաշնորհների վերացման հարցում և այլն), ինչը կվկայի մեր նպատակների լրջության, քաղաքական կամքի մասին և համապատասխան արձագանք կստանա նաև ԵՄ-ի կողմից։

Մեր կամքից և գործողություններից, նախաձեռնողականությունից է կախված լինելու նաև ԵՄ-ի հետ ձեռք բերվող պայմանավորվածությունների, կնքվելիք համաձայնագրի արդյունավետությունը և որակը։ Կարևոր է թույլ չտալ, որ պայմանավորվածությունները մնան թղթի վրա, ինչը կնվազեցնի ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարն ու եվրոպական ուղղության նկատմամբ հանրության աջակցությունը։

Այդ առումով հարկավոր է հնարավորինս լայնախոհություն ցուցաբերել և օգտվել ԵՀՔ և ԱլԳ վերանայման հիմքում դրվող տարբերակված մոտեցումից։ Եթե ցանկանում ենք առաջընթաց ունենալ բարեփոխումներում, ուրեմն պետք է լինենք հետևողական, կատարենք մեր պարտավորություններն ու արդյունքներն առավել տեսանելի դարձնելու համար պահանջենք բարեփոխումների հնարավորինս խիստ մոնիթորինգ։

Միաժամանակ դիվանագիտական հարաբերությունները ԵՄ-ի հետ պետք է կառուցվեն վստահության, հստակ պայմանավորվածությունների և ճկունության վրա՝ հաշվի առնելով կողմերի «կարմիր գծերը»։ Օրինակ՝ մինչև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտն ու Արևմուտք-Իրան հարաբերությունների կարգավորումը վերջինիս դեմ առկա էր միջազգային կոնսոլիդացիա, կիրառվում էին պատժամիջոցներ: Սակայն հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական պայմանները՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման փաստը՝ մեր ԵՄ գործընկերներն ըմբռնումով էին մոտենում ՀՀ-Իրան հարաբերություններին և գիտակցում մեր կողմից պատժամիջոցներին միանալու անհնարինությունը: Միաժամանակ ՀՀ-ԵՄ դիվանագիտական հարաբերությունների թիրախում պետք է լինի նաև պայմանավորվածությունների ձեռքբերումը տարբեր միջազգային կազմակերպություններում կողմերից մեկի շահերին հակասող բանաձևերի առնչությամբ միմյանց դեմ քվեարկությունները նվազագույնի հասցնելու վերաբերյալ: ԵՄ համապատասխան ատյանների հետ պայմանավորվածությունների միջոցով հնարավոր կլինի կանխել Հայաստանի համար անցանկալի հայտարարությունները, բանաձևերն ու աջակցությունը հակահայկական գործողություններին, իսկ Հայաստանը համապատասխանաբար հնարավորինս համաձայնեցված կգործի ԵՄ համար սկզբունքային հարցերում։

Այսօր ԵՄ-ն առաջարկում է գործընկեր երկրների հետ անմիջական աշխատանքի առավել լայն հնարավորություններ, ուրեմն հարկավոր է օգտվել դրանցից և մեր գործողություններում լինել հավակնոտ ու նորարար ։

Թե՛ Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում, թե՛ ԵՄ հետ հարաբերություններում ընդհանրապես կարևոր է լինել հետևողական և սահմանել հստակ նպատակներ, որոնք երբեմն կարող են չափազանց հավակնոտ թվալ (օրինակ՝ եվրոպական կառույցների տարածաշրջանային մի քանի գրասենյակների հիմնում Հայաստանում, Ասոցացման համաձայնագրերը ստորագրած երկրների հետ միևնույն չափորոշիչներով բարեփոխումների մոնիթորինգ և այլն), բայց իրագործման պարագայում կծառայեն իրենց նպատակին։ Իսկ նպատակների իրագործումն իր հերթին կախված է վստահության վրա հենվող երկխոսությունից, նախաձեռնողականությունից և հանրության աջակցությունից:

 Փաստաթղթի բովանդակությունը չի արտացոլում Եվրոպական Միության և ոչ էլ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ որպես կոնսորցիումի առաջատարի պաշտոնական տեսակետը։ Փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության և կարծիքների պատասխանատվությունն ամբողջովին կրում է(են) հեղինակ(ներ)ը։