ՀՀ-ԵՄ. 2015թ.-ի ձեռքբերումներն ու ակնկալիքները 2016-ից

2015-ը նշանավորվեց Եվրամիության կողմից իր հարևանության քաղաքականության վերանայմամբ և ՀՀ-ԵՄ բանակցությունների վերսկսմամբ: Կարելի է համարել, որ 2015թ.-ը ԵՄ հարևանության քաղաքականության (ԵՀՔ) արդյունքների ամփոփման, քաղաքականության վերանայման և նոր նպատակների սահմանման տարի էր:

 Հաշվի առնելով Ուկրաինական ճգնաժամի ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքները՝ Եվրամիության կողմից որոշում կայացվեց վերանայել ԵՀՔ-ն և սահմանել անցյալի բացթողումները հաշվի առնող և նոր իրողություններին համապատասխանող սկզբունքներ: Մարտից մեկնարկած գործընթացն իր մեջ ներառեց բազմակողմ և տարբեր մակարդակով ընթացող մի շարք քննարկումներ, խորհրդակցություններ, անցկացվեցին հանդիպումներ ինչպես ԵՄ անդամ երկրների, այնպես էլ գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ: Նպատակ էր սահմանվել հասկանալու կողմերի մոտեցումները, ակնկալիքները, բացթողումներն ու առաջ շարժվելու ուղիների վերաբերյալ պատկերացումները: Արդյունքում նոյեմբերին հրապարակվեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայված տարբերակը:

 Նորացված ԵՀՔ-ն իր հիմքում դնում է կայունության սկզբունքը, որն ապահովելու համար ԵՄ-ն որոշեց այսուհետ գործընկերների հետ հարաբերվել ոչ թե իր կողմից սահմանված «նախընտրելի» ուղով, այլ ելնելով գործընկերների ակնկալիքներից, ցանկություններից և հնարավորություններից: Որոշվեց առավել շատ տարբերակել քաղաքականությունը գործընկերներից յուրաքանչյուրի նկատմամբ, ինչպես իր խոսքում նշել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին. «Այն գաղափարից, որ ԵՄ-ն կենտրոնում է՝ շրջապատված հարևաններով, մենք պետք է անցնենք համագործակցության վրա հիմնված նոր գործընկերության գաղափարին»:

 Վերոնշյալ միտումները արձանագրվեցին նաև Ռիգայում մայիսին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Այս գագաթաժողովն իր «ոգևորությամբ» ու արձանագրած արդյունքներով զգալիորեն զիջում էր նախորդներին: Դրա ընթացքում ամրագրվեց գործընկերների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու և, ելնելով ԵՀՔ վերանայումից, արդեն նորացված սկզբունքներով համագործակցությունը շարունակելու ցանկությունը:

Կարևոր է նշել, որ ինչպես ԵՀՔ, այնպես էլ ԱլԳ վերանայման նպատակներից մեկն էր ԵՄ-ի հետ սերտ համագործակցության մեջ ընդգրկել Ասոցացման համաձայնագիրը չստորագրած, բայց ԵՄ հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն ունեցող Հայաստանին, ինչպես նաև այդ գործընթացից իրենց ժողովրդավարության ցածր մակարդակի պատճառով դուրս մնացած երկրներին՝ Բելառուսին և Ադրբեջանին: Որոշվեց, որ այն երկրների հետ, որոնք ԵՄ-ի հարաբերությունները չեն կառուցելու Ասոցացման համաձայնագրերի շրջանակում, համագործակցությունը պետք է զարգացվի երկու կողմերի համար ընդունելի և նախընտրելի ձևաչափով ու ոլորտներում:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերություններին, 2015թ.-ի ընթացքում այս ուղղությամբ զգալի առաջընթաց է ապահովվել, դեկտեմբերի 7-ին մեկնարկ է տրվել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին, որը կնքվելուց հետո կփոխարինի 1999թ.-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Նոր փաստաթուղթն ընդգրկելու է բոլոր, այդ թվում տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող դրույթներ: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որ այս համաձայնագիրը «սերտ համագործակցության համար անհրաժեշտ պայմաններ կապահովի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, երկու կողմերի համար նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների ոլորտում, ինչպես նաև կմեծացնի շարժունակությունը, ինչից կշահեն մեր քաղաքացիները»: Նալբանդյանն իր հերթին նշել է, որ «Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում»:

 Բացի այդ՝ տարվա սկզբից Հայաստանում ԵՄ աջակցությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել կոռուպցիայի դեմ պայքարի, գյուղատնտեսության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Հոկտեմբերի 15-ին պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև իրականացվող ԵՄ Թվինինգ նոր ծրագիր (ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 810.000 եվրոյով), դեկտեմբերի 11-ին ՀՀ-ԵՄ ֆինանսական համաձայնագիր է կնքվել, որով 7 մլն եվրո կտրամադրվի մասնավոր սեկտորի զարգացմանը և ևս 12 մլն եվրո՝ մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու համար, դեկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել 30 մլն եվրո՝ Հայաստանում բարեփոխումները խթանելու համար՝ գործազրկության դեմ պայքարի, ֆիսկալ կառավարման և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման համար և այլն:

 Բացի այդ՝ Հայաստանը դեկտեմբերի 10-ին համաձայնագրեր է կնքել, որով միանում է ԵՄ COSME ծրագրին՝ ուղղված ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը: Մոտ ապագայում նախատեսվում է միանալ նաև «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության ծրագրին:

 Եթե անդրադառնանք փոխայցելություններին, ապա 2015թ.-ի ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 15-րդ նիստը (մարտի 19), Երևանում անցկացվել է ԱլԳ Խորհրդարանական վեհաժողովը՝ Եվրանեսթի 4-րդ լիագումար նիստը (մարտի 17-18), որի շրջանակներում Հայաստան է ժամանել նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, հուլիսի 20-ին Հայաստան է այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Տարվա ընթացքում ՀՀ նախագահը այցելել է 10 եվրոպական երկրներ, Հայաստանում եվրոպացի գործընկերների հետ անցկացրել է ավելի քան 30 հանդիպում, հանդիպել է եվրոպական 5 երկրների՝ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիտվայի և Շվեդիայի ղեկավարների հետ: Ընդ որում, Իտալիայի վարչապետի հետ կայացել է երկու, իսկ Շվեդիայի վարչապետի հետ 3 երկկողմ հանդիպում:

 2015թ. ձեռքբերումների հիման վրա ակնկալվում է, որ հաջորդ տարվա ընթացքում արագ ընթացք կստանան ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցությունները իրավական նոր հիմք ապահովող համաձայնագրի շուրջ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նոր համաձայնագիրը մեծապես կրկնելու է արդեն իսկ բանակցված և ավարտին հասցված Ասոցացման համաձայնագիրը՝ չնչին փոփոխություններով, տրամաբանական է, որ բանակցություններն արդյունավետ և արագ ընթացք ունենան:

 Բացի այդ՝ ՀՀ-ն բավական երկար ժամանակ է, ինչ պատրաստակամություն է հայտնում անցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի հաջորդ փուլին՝ ստանալ Գործողությունների ծրագիրը, չի բացառվում, որ դա տեղի ունենա 2016թ.-ի ընթացքում: Զուգահեռաբար կկնքվեն մի շարք համաձայնագրեր առանձին ոլորտներում բարեփոխումները խթանող ծրագրերի իրականացման վերաբերյալ, Հայաստանն ակնկալում է հնարավորինս շուտ միանալ «Հորիզոն 2020» ծրագրին, ինչպես նաև ԵՄ-ի հետ կնքել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:

 ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և առաջընթացի համար կարևոր է լինելու ստանձնած պարտավորությունների կատարումն ու նախաձեռնողականությունը: Իսկ ինտեգրացիոն այս գործընթացի նկատմամբ հասարակության վստահության ապահովման համար մեծ նշանակություն կունենան բանակցային գործընթացի և ԵՄ-ի հետ ընթացող աշխատանքի հնարավոր առավելագույն թափանցիկությունն ու հասարակության լայն ներգրավումը:

Աննա Կարապետյան