Եվրոպական միությունը 1մլրդ եվրո կներդնի իր արտաքին սահմաններին հարակից տարածաշրջաններում

Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատվել են անդրսահմանային համագործակցության մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ. եվրո ընդհանուր բյուջեով, որոնք միտված են աջակցելու ԵՄ արտաքին սահմանների երկու կողմում գտնվող տարածաշրջանների տնտեսական և սոցիալական զարգացմանը:

«Անդրսահմանային համագործակցությունը խիստ կարևոր է նոր բաժանարար գծերից խուսափելու տեսանկյունից: Ֆինանսական այս նոր փաթեթն էլ ավելի կնպաստի հարևան սահմանակից տարածաշրջանների կայուն ու համալիր զարգացմանը և ավելի ներդաշնակ կդարձնի տարածքային համագործակցությունը ԵՄ-ն արտաքին սահմանի ողջ երկայնքով», ասաց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

«Ուրախ եմ, որ Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամը կարող է իր նպաստը բերել ԵՄ և իր հարևան երկրների միջև մերձեցման առավել խորացմանը: Անդրսահմանային համագործակցության ծրագրերը կոնկրետ օրինակներ են, թե ինչպես է ԵՄ աջակցում քաղաքացուն ընդհանուր խնդիրների լուծման առնչությամբ և, առաջացնելով միասնականության զգացողություն, նպաստում տեղական տնտեսվարող սուբյեկտների մրցունակության բարձրացմանը», ասաց Տարածաշրջանային քաղաքականության ԵՄ հանձնակատար Կորինա Կրետուն:

Անդրսահմանային համագործակցության այսպիսի ձևաչափը հարևան երկրների նկատմամբ տարվող ԵՄ քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է: Առաջնահերթություն տալով ԵՄ արտաքին սահմանագծում կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին՝ այն կնպաստի կենսամակարդակի տարբերությունների նվազեցմանն ու կլուծի սահմաններում առկա ընդհանուր խնդիրները: Յուրաքանչյուր ծրագրի համար մասնակից երկրների կողմից ընտրվել են մինչև չորս առաջնահերթություններ, ինչպիսիք են՝ ՓՄՁ-ների զարգացում, մշակույթ, բնապահպանություն և կլիմայի փոփոխություն, պայքար աղքատության դեմ, կրթություն և հետազոտական գործունեություն, էներգետիկա, հասանելիություն, սահմանների կառավարում:

Նոր փաթեթով նախատեսվում է ֆինանսավորել 27 երկրներում իրականցվելիք ծրագրեր. Արևելքում՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ռուսաստան, ինչպես նաև Եգիպտոսում, Իսրայելում, Հորդանան, Լիբանանում, Պաղեստինում, Թունիսում և նաև մի շարք ԵՄ անդամ պետություններում, ինչպիսիք են Բուլղարիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեդիան, և նաև Նորվեգիան և Թուրքիան: Ֆինանսավորումը կտրամադրվի Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից եւ Եվրոպական հարևանության գործիքի ներքո: Գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև Ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրումը նախատեսվում է 2016թվականի ընթացքում կամ 2017թվականի սկզբում:

Աղբյուրը՝ eeas.europa.eu