Զգուշացե՛ք. ձեր գործատուն այսուհետ իրավունք ունի ընթերցել ձեր անձնական նամակները

Այսուհետ գործատուներն իրավունք ունեն կարդալ իրենց աշխատողների ուղարկված անձնական հաղորդագրությունները, եթե դրանք գրվում են աշխատանքային ժամերի ընթացքում: Բանն այն է, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրն ընդունել է վճիռ, որով թույլատրում է ընկերություններին վերահսկել իրենց աշխատակիցների նամակագրությունը` ստուգելու համար, թե արդյոք նրանք կողմնակի խնդիրներով չեն զբաղվում իրենց աշխատաժամերին:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատարանը մերժել է Ռումինիայի քաղաքացու` 36-ամյա ինժեների դատական ​​հայցն ընդդեմ իր նախկին գործատուի, ով 2007 թ.-ին հանել է նրան աշխատանքից իր եղբոր և կնոջ հետ կեսօրվա ժամերին անձնական նամակագրություն ունենալու համար: Հայցվորը պնդում էր, որ ընկերությունը խախտել է իր իրավունքները և անիմաստ ու անհիմն ազատել աշխատանքից:

Դատարանը, սակայն, մերժել է դիմումը` համարելով ընկերության որոշումը ողջամիտ և օրինական. Դատավորը եզրակացրել է, որ աշխատողը խախտել է աշխատանքային կանոնները, և գործատուն իրավունք ունի ստուգել, թե իր աշխատակիցն ինչ է անում այն բոլոր ժամերին̦ որոնց համար վարձատրվում է:

Պարզվում է, որ գործազուրկ ռումինացին այս տարիների ընթացքում հերթով դիմել է երկրի դատարանի բոլոր ատյաններին, սակայն, դրական որոշման չհասնելով, վերջիվերջո հայց է ներկայացրել ՄԻԵԴ, որի փոքր պալատն էլ հենց մերժել է հայցը: Սակայն ամեն ինչ դեռ կորած չէ, և ռումինացին դեռևս իրավունք ունի մոտակա երեք ամիսների բողոքարկելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատին, որտեղ աշխատում են 17 դատավորներ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները տարածվում են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 47 երկրների վրա, որոնք վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, այդ թվում` Հայաստանի:

 15.01.2016