Թուրքիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ԵՄ անդամակցության համար

Երկար տարիներ ԵՄ-ի դուռը թակող թուրքական կառավարությանը, որը մինչև 2015 թվականի ավարտը, կարծես թե միանգամայն վստահությամբ պնդում էր, որ Թուրքիան այսքան մոտ երբևէ չի գտնվել Եվրոպական միությանն անդամակցելուն, կարծես կրկին հիասթափություն է սպասում:

Հունվարի 16-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Q & A հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ Թուրքիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու Եվրոպական Միության լիիրավ անդամ դառնալու համար: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան կարող է առաջիկա տասը տարիների ընթացքում անդամակցել ԵՄ-ին՝ Մերկելը շեշտել է, որ այժմ ժամկետներ սահմանելն «իրատեսական չէ»:

Հարկ է նշել, որ Մերկելի դիտողությունները տեղի են ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ հունվարի 22-ին Գերմանիայում «Թուրքիա-Գերմանիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» կայանալիք նիստին մասնակցելուց առաջ:

Հատկանշականն այն է, որ Գերմանիայի կանցլերի հետ համակարծիք են նաև մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ և կառույցներ:

Այս առումով Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար Քրիստոֆ Ստրասսերը նշել է, որ Թուրքիան չի կարող պատկանել Եվրոպական միությանը մինչև երկրում չբարելավվի մարդու իրավունքների հետ կապված վիճակը, ինչի մասին են վկայում գրանցված ցածր ցուցանիշները:

Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն, իր հերթին, Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան Էրդողանի վերաբերմունքի պատճառով հիասթափված է փախստականների հարցով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ շեշտելով, որ մոտակա ժամանակներում ԵՄ-ը պատրաստ է վերանայելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

Վերջերս ԵՄ արտաքին քաղաքական հարցերով ծառայության հայտարարության մեջ նշվում էր, որ Եվրամիությունը խորապես անհանգստացած է Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի հանդեպ իրականացվող գործողությունների համար ակադեմիական շրջանակներում տեղի ունեցող ձերբակալությունների կապակցությամբ: Փաստաթղթում շեշտը դրվել էր այն հանգամանքի վրա, որ խոսքի ազատությունը պետք է պահպանվի Կոպենհագենի քաղաքական չափանիշներին համապատասխան:

Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 16-ին տեղի ունեցած ելույթի ժամանակ շեշտել է նաև քրդական խնդիրը և մամուլի ազատության հարցը, որոնք Դավութօղլուի հետ հունվարի 22-ին կայանալիք հանդիպման ժամանակ նույնպես լինելու են օրակարգում:

Եվրաինտեգրման համատեքստում մարդու իրավունքների և տարբեր ազատությունների հետ կապված խնդիրներն արմատական բարեփոխումներով լուծելու փոխարեն` թուրքական իշխանությունները նախաձեռնել են ազգային փոքրամասնությունների իրավունքների վերականգնմանն ու խոսքի ազատությանն առնչվող մակերեսային բարեփոխումներ, ինչպիսիք են` ինքնաթիռներում քրդերեն ծանուցումներ կատարելու, բնակավայրերի անունների փոփոխման կարգն արագացնելու, որոշ վայրերում քրդերեն ցուցանակներ տեղադրելու հարցերը: Բացի այդ, թուրքական իշխանությունները նաև ազատ են արձակել քրդերի դեմ կոտորածները վերջ դնելու կոչով հանդես եկած քսանչորս ակադեմիկոսի:

Ակնհայտ է, որ ԵՄ-ին հաճոյանալու համար Թուրքիան ձեռնարկած ձևական բարեփոխումների այս շարքը, եվրոպական գործընկերների համար բավարար չէ, և առանց արմատական բարեփոխումների Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության տեսլականը կշարունակի մնալ մշուշոտ:

Աղբյուրը՝ armedia.am