ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկույցները՝ որպես ՀՀ-ԵԽ հարաբերությունների նոր հանգրվան

ԵԽԽՎ օրակարգում ընդունված հակահայկական զեկույցները որքան էլ իրենց բնույթով լինեն բացասական, այնուամենայնիվ, կարող են Հայաստանի, ԵԽԽՎ-ի և ընդհանրապես Եվրոպայի խորհրդի համար հարաբերությունների վերամեկնարկի նոր հանգրվան դառնալ: Սակայն, այս հանգրվանին հասնելու համար թե՛ ԵԽ-ն և թե՛ ՀՀ-ն պետք է կարողանան ադեկվատ պատասխան տալ շրջանառվող զեկույցներին և դրանց հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակին՝ անկախ քվեարկության ելքից: Իսկ ո՞րը պետք է լինի կողմերից յուրաքանչյուրի ադեկվատ պատասխանը:

Հայաստանի Հանրապետությունը (լինի դա թե՛ իշխանության և թե՛ հասարակության մակարդակով) պետք է ամեն կերպ խուսափի Հայաստանի և ԵԽԽՎ-ի (առավել վատագույն դեպքում ԵԽ-ի և ընդհանրապես եվրոպական ուղղության միջև) արհեստական պատնեշներ կառուցելուց և ԵԽ տարբեր մարմինների գործունեության թերություններին արձագանքի ոչ թե հարևանի, այլ տան լիիրավ անդամի դիրքերից: ՀՀ նման դիրքորոշումը կարող է առավել առարկայական դառնալ, եթե վերջինս, օրինակ, հիմնվելով առկա թերությունների վրա՝ հանդես գա որպես ԵԽ-ի համագործակցության տարբեր ձևաչափերում (լինի դա Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում, Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում և այլն ) բարեփոխումներ իրականացնելու առաջարկով:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի և ընդհանրապես Եվրոպայի խորհրդի կողմից տրվող ադեկվատ պատասխանին, ապա վերջինս խնդիր ունի վերականգնելու միջազգային հարթակներում իր հեղինակությունը և նախևառաջ հենց իր անդամներին ապացուցելու, որ ԵԽ որևէ մարմին չի կարող դեմ դուրս գալ եվրոպական հիմնարար արժեքներին (ինչպես օրինակ, խոսքի և կամընտրանքի ազատության)՝ տուրք տալով իր որոշ պատգամավորների անձնական շահերին: Սա անելու համար ԵԽԽՎ նույնպես կարող է դիմել առարկայական քայլի և օրինակ, Արցախի ժողովրդին հնարավորություն տալ (ինչպես դա արել է Հյուսիսային Կիպրոսի և Կոսովոյի դեպքում) առնվազն մասնակցել սեփական ճակատագրին վերաբերող զեկույցների քննարկմանը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ այժմ ԵԽ-ն ընդհանրապես և Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, խնդիր ունեն կառուցողական արձագանքել ստեղծված բարդ իրավիճակին, ինչն առավել քան հավանական է, եթե հաշվի առնենք ՀՀ-ԵԽ համագործակցության երկար տարիների փորձը:

Լիանա Հովհաննիսյան,

“Հայացք” վերլուծական կենտրոն, փորձագետ

Աղբյուրը՝ armedia.am