Ուոլթերի զեկույցն իր կշռով հավասարազոր չէր Մարկովիչի զեկույցին

Ուոլթերի ու Մարկովիչի զեկույցները հավասարազոր չէին, և մեկնաբանել քվեարկության արդյունքները որպես «1-1» սխալ է: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Բանականությունը հաղթեց: Սա մեծ աշխատանքի արդյունք էր, որի հիմնական բեռն իր վրա կրում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում»,- նշել է Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ կային քվեարկության վրա ազդող նաև այլ գործոններ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը, Արցախի ՀԿ-ների նամակը ԵԽԽՎ պատգամավորներին, հայաստանյան ՀԿ-ների հայտարարությունը և այլն:

Ուոլթերի բանաձևը հստակ քաղաքական բնույթ ուներ և ուղղակիորեն փորձ էր միջամտելու հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ Մարկովիչի զեկույցի շեշտը դրված էր հումանիտար, սոցիալական խնդրի վրա, և եթե չլինելին դրանում առկա քաղաքական տարրերը, այն կարելի էր հումանիտար և շատ ավելի ընկալելի համարել:

Բեքարյանը նաև հիշեցրել է, որ այս բանաձևը չունի իրավական պարտադիր ուժ, այն ավելի շատ ազդում է քաղաքական ֆոնի վրա, տրամադրություններ է արտացոլում: Դա, սակայն, չի նշանակում, որ նման գործընթացներին հարկավոր չէ ուշադրություն դարձնել:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում երկու հակահայկական բանաձևերից մեկը՝ Ռ․ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևը մերժվեց, իսկ Մ․Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձևը հաստատվեց:

Աղբյուրը՝ armedia.am