Դիվանագիտության ուժը. Ռոհանին ավարտել է իր եվրոպական շրջագայությունը

Այսօրվա աշխարհում դիվանագիտությունն աշխատում է, և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Ֆրանսիա դրա ապացույցն է: Հենց այսպես է Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը գնահատել 1999 թվականից ի վեր Իրանի նախագահի առաջին այցը Ֆրանսիա՝ ամփոփելով նրա եվրոպական շրջագայության արդյունքները:

«Ռոհանիի այցը Ֆրանսիա ցույց տվեց դիվանագիտության հաղթանակը՝ նոր փուլ բացելով տնտեսական, քաղաքական, մշակութային երկկողմ համագործակցության համար», – Զարիֆի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ռոհանիի՝ Իտալիա կատարած այցի շրջանակներում կողմերը 15 փոխըմբռնման հուշագիր են ստորագրել տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական և այլ ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 17 միլիարդ եվրոյի: Կողմերը համաձայնեցրել են երկու երկրների միջև համագործակցության ճանապարհային քարտեզը: Իտալիայի նախագահին, վարչապետին և Հռոմի պապին հանդիպելուց հետո Ռոհանին մեկնեց Ֆրանսիա, որտեղ հանդիպում ունեցավ իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ:

Իրանն ու Ֆրանսիան 20 համագործակցության գործարք են կնքել, իսկ երկու երկրների մասնավոր սեկտորների միջև կնքված պայմանագրերի թիվn անցնում է 10-ից: Iran Air-ը և Airbus-ը 118 ինքնաթիռների գնման շուրջ 23 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր են կնքել: Բացի այդ, որոշ եվրոպական ավիաընկերություններ հայտարարել են, որ մտադիր են վերականգնել իրենց թռիչքներն Իրան:

Ինչպես Իտալիայում, այնպես էլ Ֆրանսիայում լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Ռոհանին խոսել է Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունների, սիրիական հակամարտության, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հաբարերությունների վերականգնման մասին: Իրանի նախագահը նշել է, որ իր երկիրը մտադիր չէ ներողություն խնդրել Էլ-Ռիյադից, նրա կարծիքով՝ սաուդական միապետությունն ինքը պետք է քայլ անի Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայտնում է France24-ը: «Ինչո՞ւ մենք պետք է ներողություն խնդրենք: Նիմր Ալ-Նիմրի գլխատմա՞ն, Եմենի բնակչության սպանդի՞, թե ահաբեկիչների՞ն օգնելու համար: Հենց նրանք պետք է հազար անգամ ներողություն խնդրեն մուսուլմաններից»: Սիրիական հակամարտությանն անդրադառնալիս՝ Ռոհանին ընդգծել է, որ ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարի համար Ասադի կառավարությունն առանցքային նշանակություն ունի, հետևաբար, սիրիական բանակին աջակցելն այլընտրանք չունի:

29.01.2016

Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերություններին, Ռոհանին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունները մի օր կվերականգնվեն: