Եվրոպայում 10 հազար միգրանտ երեխա է անհետացել

Վերջին երկու տարիների ընթացքում առանց մեծահասակների ուղեկցության Եվրոպա հասած ավելի քան 10 հազար միգրանտ երեխա է անհետ կորել: Այս մասին հայտնում է euronews-ը՝ հղում կատարելով Եվրամիության ոստիկանական ծառայությանը՝ Եվրապոլին:

«Save the children» կազմակերպության տվյալներով` նախորդ տարի առանց մեծահասակների ուղեկցության Եվրոպա է ժամանել 26 հազար երեխա, սակայն Եվրապոլում նշում են, որ այդ երեխաները կազմում են միգրանտների ընդհանուր հոսքի 27 տոկոսը՝ մոտ 270 հազար:

Նշվում է, որ երեխաները կորել են ընդունող երկրում հաշվառվելուց հետո: Այսպես, Իտալիայի իշխանությունները դեռ 2015 թվականի մայիսին հայտարարել էին, որ փախստականների ընդունման կենտրոններից անհետացել է 5 հազար երեխա: Հոկտեմբերին շվեդական Տրելլեբորգի իշխանություններն էլ հայտարարել էին, որ առանց մեծահասակների ուղեկցության մի քանի ամիսների ընթացքում Եվրոպա ժամանած մոտ հազար միգրանտ երեխա է կորել: Անհետացած երեխաների թիվը մեծ է նաև Մեծ Բրիտանիայում:

Եվրապոլի մասնագետները մտավախություն ունեն, որ նրանք կազմակերպված հանցագործ խմբավորումների զոհ են դարձել: «Ոչ բոլորն են հանցագործ խմբավորումների զոհ դարձել: Որոշները վերամիավորվել են իրենց հարազատների հետ: Մենք ուղղակի չգիտենք, թե հիմա որտեղ են նրանք գտնվում», – Observer թերթին տված հարցազրույցում նշել է Եվրապոլի վարչության ղեկավար Բրայան Դոնալդը:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ երեխաների որոնումները դժվարանում են, քանի որ միգրանտները չեն ցանկանում ոստիկանների հետ համագործակցել և փորձում են նման խնդիրները լուծել իրենց հանրույթների ներսում:

Նշենք, որ Եվրոպա ժամանած միգրանտերը բավականին դժվարությամբ են ինտեգրվում եվրոպական հասարակություններում, ինչը նպաստում է վերջիններիս մոտ հակամիգրացիոն տրամադրությունների տարածմանը: Դրանք հատկապես ուժեղ են դրսևորվում այն երկրներում, որոնք, Oxfam ոչ առևտրային կազմակերպության տվյալների համաձայն, գերակատարել են միգրանտներին իրենցից պահանջվող օգնության ծավալները: Դրանք հիմնականում սկանդինավյան երկրներն են, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այսպես, Դանիան հատկացրել է իր մասնաբաժնի 318, Նորվեգիան՝ 285, Մեծ Բրիտանիան՝ 237 տոկոսը: Կանադան, Նորվեգիան և Գերմանիան ընդունել են ավելի շատ միգրանտներ, քան նախատեսված էր իրենց մասնաբաժնով:

Միևնույն ժամանակ Oxfam-ն ընդգծում է, որ սիրիական հակամարտությունում ներառված մի շարք երկրներ բավարար աջակցություն չեն ցուցաբերում սիրիացի փախստականներին: Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան: Oxfam-ի տվյալներով՝ Ռուսաստանը արդարացի բաշխման իր բաժնի միայն 1 տոկոսն է կատարել և ընդհանրապես չի մասնակցել փախստականների ընդունմանը:

Ֆրանսիան կատարել է իր պարտավորությունների 45 տոկոսով և ընդունել է 5 հազար սիրիացի փախստական: ԱՄՆ-ն իր պարտավորությունները կատարել է 76 տոկոսով: Ընդհանրապես, միջազգային հանրությունը 2015 թվականին սիրիացի փախստականներին անհրաժեշտ 8.9 մլրդ դոլարի միայն 56.5 տոկոսն է հավաքել: Սա նշանակում է, որ 2015 թվականին սիրիացի փախստականների կեսն անհաժեշտ հումանիտար օգնություն չի ստացել…

Աղբյուրը՝ armedia.am