Ամենաերջանիկ բնակչություն ունեցող եվրոպական քաղաքները

Եվրահանձնաժողովը հրապարակել է հետազոտության արդյունքները, որի շրջանակներում կազմվել է ամենաերջանիկ բնակչությունն ունեցող եվրոպական քաղաքների ցուցակը: Առաջին տեղում դանիական Օլբորգն է: The Independent-ը նշում է, որ վարկանիշային ցուցակում ընդգրկվել են առավելապես փոքր քաղաքներ:

Հարցման շրջանակներում մասնակիցներին խնդրել են գնահատել՝ որքանով է իրենց դուր գալիս ապրել քաղաքում, արդյոք բավարարված են ֆիթնես-սրահների քանակով և մատչելիությամբ կամ քաղաքային տրանսպորտային համակարգով:

Պարզվել է՝ Օլբորգում հարցվածների 72%-ը «շատ գոհ» է քաղաքում իրենց կյանքից, իսկ 24%-ը «գոհ» է: Տեղի բնակիչները հատկապես հպարտ են քաղաքում Օլբորգի համալսարանի, սեփական սիմֆոնիկ նվագախմբի և գեղեցիկ մերձափնյա մասի առկայությամբ:

Երկրորդ տեղում Կոպենհագենն է: Այնտեղ կյանքից «շատ գոհ» է հարցվածների 67%-ը, 28%-ը պարզապես «գոհ» է: Միայն 5%-ն է նշել, որ իրենց դուր չի գալիս Դանիայի մայրաքաղաքում ապրելը: Առաջատարների եռյակը եզրափակում է Ռեյկյավիկը:

Ցուցակում ընդգրկվել են նաև Ցյուրիխը, Գրացը, Օսլոն, Վիեննան, Բելֆաստը, Անտվերպենը, Մանչեսթերը և այլն:

Աղբյուրը՝ armedia.am