Բոսնիա և Հերցեգովինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել

Բոսնիա և Հերցեգովինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Սա կարևոր պահ է Եվրամիության և Բոսնիա և Հերցեգովինայի համար, որի ժողովուրդը սրան հասնելու համար շատ ակտիվ աշխատանք է տարել: Սակայն, սա դեպի ԵՄ երկար ճանապարհի սկիզբն է», – նշել է Մոգերինին:

Մոգերինիի կարծիքը կիսում է նաև ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը: «Այն, ինչի մենք հասել ենք նշանակալի է: Սակայն, սա միայն ճանապարհի սկիզբն է: Մի քանի ամիս կամ տարի անց անդամակցությունը հնարավոր չէ», – նշել է եվրահանձնակատարը: Նրա խոսքով՝ Բոսնիա և Հերցեգովինայի հայտի ընդունումով ԵՄ վերջինիս եվրոպական հեռանկարի հնարավորություն է տալիս: Չնայած նրան, որ հայտ ներկայացնելը դեռևս չի երաշխավորում, որ այդ կդառնա ԵՄ անդամ և չի սահմանում այդ նաև հստակ ժամկետներ դրա համար:

Միևնույն ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ղեկավար Դրագան Չովիչը իր հերթին վստահություն է հայտնել, որ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը երկար ժամանակ չի պահանջի: Նա ընդգծել է, որ երկիրը ստիպված է լինելու շատ աշխատել, դա լինելու է բարեփոխումների երկար ճանապարհ: Չովիչը հայտարարել է նաև, որ իրենք ակնկալում են թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը մինչև 2017 թվականի կեսեր: Սակայն, փորձագետները չեն կիսում նման լավատեսական կանխատեսումները: Նրանց կարծիքով, եթե հայտն անգամ ընդունվի, քաղաքականապես և էթնիկ առումով անկայուն և տնտեսապես չզարգացած այս երկրի ԵՄ անդամակցությունը 2025 թվականից ավելի շուտ տեղի չի ունենա:

Նշենք, որ անդամակցության հայտի ներկայացնումը ԵՄ կազմում երկրի ընդունման երկրորդ փուլն է: Առաջին փուլում պետությունը ստորագրում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, որը սահմանում է ԵՄ անդամակացության համար երկրի կողմից իրականացվելիք բարեփոխումների առաջին փաթեթը: Բոսնիա և Հերցեգովինան ասոցացման մասին համաձայնագիր է ստորագրել 2008 թվականին, որը, սակայն, վավերցվել է միայն 2015 թվականի հունիսին:

Այժմ թեկնածու երկրին սպասվում է երրորդ փուլը՝ ԵՄ հետ բանակցություններ՝ անդամակցության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ ստանալու համար: Միայն դրանից հետո երկիրը կարող է բանակցություններ սկսել անդամակցության պայմանների շուրջ, որոնք ենթադրում են քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, ինչպես նաև դատական համակարգի վերակազմակերպում:

16.02.2016