
Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննելու է Կատալոնիայի ԱԳՆ գործունեությունը
Իսպանիայի Սահմանադրական դատարանն ընդունել է կառավարության հայցը Կատալոնիայի արտաքին գործերի նախարարության ստեղծման անօրինականության հետ կապված:
Բանն այն է, որ փետրվարի սկզբին Իսպանիայի կառավարությունը հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ կատալոնյան կառավարության մի շարք նախարարությունների, այդ թվում `արտաքին գործերի նախարարության ձևավորման:
Ի պատասխան՝ Կատալոնիայի այսպես կոչված «արտաքին գործերի նախարար» Ռաուլ Ռոմևան հայտարարել է, որ «իսպանական իշխանությունների ծրագրերն իրեն չեն անհանգստացնում, քանի որ Կատալոնիայի կառավարության քայլերը «լիովին համահունչ են շրջանի ինքնավարության կանոնադրությանը»:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը նախորդ տարվա նոյեմբերի 9-ին բանաձև է ընդունել, որով «սկիզբ է դրվում անկախ պետություն ստեղծելու գործընթացին» (72 պատգամավոր «կողմ» էին քվեարկել, 63-ը՝ «դեմ»):
Իսպանիայի կառավարությունն այդ ժամանակ ևս հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ փաստաթղթի անօրինականության հետ կապված: Սահմանադրական դատարանը միաձայն կողմ էր քվեարկել բանաձևի չեղարկմանը՝ այն համարելով հիմնական օրենքին հակասող փաստաթուղթ: Սակայն, Կատալոնիայի իշխանություններն իրենց հերթին չճանաչեցին Սահմանադրական դատարանի որոշումը:
Նշենք նաև, որ Կատալոնիայի կառավարության նորընտիր նախագահ Կարլես Պյուջմոնը անկախ պետության ստեղծման «ճանապարհային քարտեզ» էր ներկայացրել, որն ընդգրկում է համապատասխան օրենքների և պետական կառույցների հիմնումը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն, ի պատասխան հայտարարել է, որ կօգտագործի բոլոր իրավական գործիքները՝ երկրի փլուզումն ու պառակտումը կանխելու համար:
Աղբյուրը՝ armedia.am