Բրիտանացիների մեծ մասը կողմ է ԵՄ կազմում մնալուն. հարցում

Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի մնալու կողմնակիցների թիվը գերազանցում է հակառակորդների թվին 15 տոկոսով: Այս մասին վկայում են Daily Mail-ում հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:

Հարցման համաձայն՝ բրիտանացիների 48 տոկոսը կարծում է, որ ավելի լավ է երկիրը մնա միության կազմում, մինչդեռ 33 տոկոսի կարծիքով՝ երկիրը պետք է լքի միությունը: Հարցման մասնակիցների 19 տոկոսը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել երկրի՝ ԵՄ անդամակցության ապագայի հարցում:

Հարցվածների մեծ մասը (35%) կարծում է, որ Քեմերոնը հաջողությամբ է ավարտել Բրյուսելի հետ բանակցությունները, հակառակ կարծիքին է 30 տոկոսը:

Նշենք, որ սա առաջին հարցումն է Բրիտանիայի անդամակացության վերաբերյալ հանրաքվեն հունիսի 23-ին անցկացնելու մասին Քեմերոնի հայտարարությունից հետո:

 22.02.2016