Նոր կոալիցիա Իսպանիայում՝ հանուն բարեփոխումների և առաջընթացի

Իսպանիայի «Սոցիալիստների» առաջնորդ Պեդրո Սանչեսը կոալիցիոն գործարք է ստորագրել աջ-կենտրոնամետ «Քաղաքացիներ» (Ciudadanos) կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերայի հետ: Սանչեսը, ում Ֆելիպե թագավորն անցյալ ամիս առաջարկել էր ձևավորել Իսպանիայի նոր կառավարությունը, մինչև մարտի 3-ը ժամանակ ունի խորհրդարանի վստահության քվեն ստանալու համար:

Ըստ El Pais թերթի՝ հաջորդ շաբաթ պատգամավորները պետք է քվեարկության դնեն նոր վարչապետ ունենալու հեռանկարը: Սակայն խորհրդարանական ամենամեծ բլոկը՝ աջակենտրոն «Ժողովրդական կուսակցությունը» արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու սոցիալիստներ-քաղաքացիներ նոր դաշինքին՝ այն անվանելով ընդամենը «ժամանակի վատնում»:

ԺԿ առաջնորդ Մարիանո Ռախոյը, ով նաև Իսպանիայի գործող վարչապետն է, նշել է, որ զարմացած է Քաղաքացիների այն ոգևորությունից, որով որոշել են միանալ սոցիալիստներին: Ներկայիս վարչապետն ասել է, որ մտադիր է պայքարել, որպեսզի իր կուսակցությունը մնա իշխանության ղեկին: «Ես միտք չունեմ հրաժարական տալու և դնելու եմ իմ թեկնածությունը, եթե նոր ընտրություններ տեղի ունենան», – հայտարարել է Ռախոյն, ինչպես նշում է Politico թերթը:

Համաձայնագիրը, որը կնքվել է Սոցիալիստների և Քաղաքացիների միջև ընդգրկում է շուրջ 200 մանրակրկիտ բարեփոխումներ՝ վերաբերողէներգետիկ քաղաքականությանը, աշխատաշուկային, հարկերին, դպրոցներում կրոնական կրթությանը, աբորտի իրավունքին և այլ հարցերի:

«Ինձ համար մեծ պատիվ է Ալբերտ Ռիվերայի հետ այս համաձայնագրի մասը լինել, և ես հույս ունեմ, որ այն կկիսենք նաև այլ քաղաքական ուժերի հետ», – հայտարարել է Սանչեսը, մինչդեռ Ռիվերան իր հերթին նշել է, որ իրենց գործարքը «նոր փուլ է իսպանացիների հիմնախնդիրներին լուծում տալու համար»:

«Հնարավոր է իրականացնել այնպիսի սոցիալական և տնտեսական քաղաքականություն, որը մեկընդմիշտ կլուծի իսպանացիների խնդիրները՝ միևնույն ժամանակ կոչ անելով ողջ Եվրոպային՝ ի դեմս Եվրոպական միության, որ Իսպանիան լուրջ ու զորեղ երկիր է», – հայտարարել է Ռիվերան:

Սակայն երկու ղեկավարները համաձայնել են այն հարցի շուրջ, որ նրանք միայնակ չեն կարող այս ամենն իրագործել, և պետք է փորձեն ավելի շատ կուսակցություններ ներգրավել, գրում է The Spain Report-ը:

«Խնդիրը ոչ թե մարդկանց քանակն է, այլ մեծահոգության ու պատրաստակամության պակասը: Շատերի կողմից չկա որևէ քաղաքական կամք: Ես հրավիրում եմ բոլոր կուսակցություններին միանալ այս նոր կոալիցիային», – հայտարարել է Ռիվերան, ում միությունը Սոցիալիստների հետ կազմում է խորհրդարանի 1/3-ից քիչ ավելին՝ ընդամենը 130 մանդատ իսպանական 350-տեղանոց խորհրդարանում:

Աղբյուրը՝ armedia.am