“LoveWave”. Կայացել է «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 10-14-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): Հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին:

Երգչուհին կներկայացնի «LoveWave» ստեղծագործությունը, որի հիմքում ընկած են նրա ապրումներն են ու զգացմունքները: «Ես ցանկացա երգել այն զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ՝ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում և հուզում»,- ասում է Իվետա Մուկուչյանը: Այս մասին հաղորդում է Panorama-ն:

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող «LoveWave» երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Մրցութային երգի տեսահոլովակը Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «Blacksheep communications»-ի համատեղ արտադրությունն է:

Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ և հանդիսանում դրանց գովազդային դեմքը:

 

03.03.2016