Թուրքիա-ԵՄ գագաթաժողով. երբ արժեքները մղվում են հետին պլան

Միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանը նվիրված Թուրքիա-Եվրոպական Միություն երկրորդ գագաթաժողովն ավարտվել է առանց վերջնական արդյունքների: Անկարան և Բրյուսելը հայտարարել են, որ իրենց հավելյալ ժամանակ է անհրաժեշտ համատեղ ծրագրի համաձայնեցման և առանձին մանրամասների մշակման համար: BBC-ն հայտնում է, որ վերջնական որոշման կայացումը հետաձգվել է մինչև ԵՄ գագաթաժողով, որը տեղի կունենա մարտի 17-18-ին:

Թուրքիա-ԵՄ նախորդ գագաթաժողովը կայացել էր 2015 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ 3 միլիարդ եվրոյի և վիզաների չեղարկման գործընթացի արագացման դիմաց Թուրքիան պարտավորվեց բարելավել իր տարածքում սիրիացի փախստականների կենսապայմանները և կասեցնել նրանց հոսքը Եվրոպա:

Ի դեպ, այս հարցում որևէ դրական տեղաշարժ մինչ այժմ չկա: Ամեն օր Թուրքիայից շուրջ 2 հազար մարդ ապօրինի կերպով հասնում է հունական կղզիներ: Ակնկալվում է, որ ամռան գալստին զուգահեռ այս թիվը միայն աճելու է: Ընդհանուր առմամբ անցյալ տարի ԵՄ երկրներում ապաստան խնդրած մարդկանց թիվն անցել է 1,25 միլիոնից: Նրանց մեծ մասը սիրիացիներ, իրաքցիներ և աֆղանցիներ են: «Եվրոստատի» տվյալներով փախստականների գերակշռող մասը ցանկանում է հասնել Գերմանիա:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ ղեկավարներին խոստացավ եվրոպական միջոցների հաշվին հետ ընդունել բոլոր փախստականներին, որոնք ապօրինի կերպով կհասնեն հունական կղզիներ՝ փոխարենը պահանջելով, որ Թուրքիա վերադարձված Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացու դիմաց եվրոպական երկրները ապաստանի իրավունքով Թուրքիայից ընդունեն մեկ սիրիացի փախստականի: Թուրքիայի վարչապետի կարծիքով այս քայլը թույլ կտա կանխել ապօրինի միգրացիան և մաքսանենգությունը՝ խրախուսելով օրինական միգրացիան: Իրավապաշտպաններն այս որոշումը որակել են որպես մարդու իրավունքների խախտում: ՄԱԿ-ը ևս իր «անհանգստությունն» է հայտնել որոշման մի շարք դրույթների կապակցությամբ:

Reuters-ի տվյալներով Թուրքիան նաև պահանջում է կրկնապատկել ավելի վաղ համաձայնեցված օգնության գումարը՝ 3 միլիարդից հասցնելով 6-ի, ինչպես նաև արագացնել վիզաների չեղարկման գործընթացը և նոր գլուխներ բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում:

ԵՄ ղեկավարները գագաթաժողովից հետո տարածած հայտարարության մեջ նշում են, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատել «վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզի իրականանցումն արագացնելու և ամենաուշը մինչև 2016 թվականի հունիսի վերջը Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների չեղարկման ուղղությամբ»: Ինչ վերաբերում է անդամակցության բանակցություններին, ԵՄ-ն խոստանում է «պատրաստվել որքան հնարավոր է շուտ բանակցություններում նոր գլուխներ բացելու որոշմանը»: Ըստ էության, ԵՄ-ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է անդամակցության բանակցությունները վերսկսելու Թուրքիայի պահանջը:

Բայց դժվար է պատկերացնել, որ Բրյուսելում չեն հասկանում, որ Անկարան ցանկանում է օգտագործել հարմար առիթը ԵՄ-ից հնարավորինս շատ օգուտներ կորզելու համար: Ընդհակառակը, կարելի է վստահ պնդել, որ Եվրոպայում սա շատ լավ հասկանում են, պարզապես այս պահին նման գործարքը բխում է նաև իրենց շահերից: Հենց այս նույն պատճառով ԵՄ ղեկավարները, մոռանալով իրենց քարոզած եվրոպական արժեքները, խուսափեցին որևէ գնահատակ տալ Թուրքիայում ընդդիմադիր Zaman պարբերականի դեմ թուրքական իշխանությունների գործողություններին՝ պարզապես մեկ նախադասությամբ իրենց համատեղ հայտարարության մեջ նշելով, որ Թուրքիայի վարչապետի հետ քննարկվել է Թուրքիայում ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակը: Այս նույն պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս շաբաթ Գերմանիայում շրջանային ընտրություններից առաջ իր քաղաքացիներին որևէ դրական տեղաշարժ ցույց տալու խնդիր ունի, հայտարարում է, որ «Թուրքիայի առաջարկն, իրականացման դեպքում, կարող է բեկումնային դառնալ»:

Աղբյուրը՝ armedia.am