Բազմահազարանոց ցույցեր Ֆրանսիայում՝ աշխատանքային նոր օրենսգրքի հետ կապված

Ֆրանսիայի հիմնական արհմիություններն ու ավելի քան քսան երիտասարդական կազմակերպություններ օրերս կոչ են արել աջակցել համազգային գործադուլին՝ ընդդեմ Ֆրանսիայի կառավարության կողմից մշակված աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների: Այս օրերին ողջ երկրով մեկ ցույցեր են կազմակերպվում բարեփոխումների հազարավոր հակառակորդների կողմից, ովքեր ավելի լավ աշխատանքային պայմաններ են պահանջում պատասխանատու մարմիններից:

Ֆրանսիացի երկաթուղայինների ավելի քան մեկ երրորդը չորեքշաբթի օրն աշխատանքի դուրս չի եկել՝ ի նշան բողոքի ընդդեմ նոր աշխատանքային ստանդարտների, որոնք, ըստ իրենց, կվատթարացնեն ողջ երկաթուղային արդյունաբերությունը: Չեղարկվել են բազմաթիվ գնացքի տոմսեր Փարիզից և դեպի Փարիզ, հաղորդում է France 24-ը:

Համաձայն Ֆրանսիայի զբաղվածության նախարար Միրիամ Էլ Կոմրիի՝ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են գործազրկության դեմ պայքարին, որն այժմ երկրում 10.3 տոկոս է կազմում: Դրանք հնարավորություն են տալիս գործատուներին երկարաձգելու աշխատանքային ժամերն ընդհուպ մինչև շաբաթական 60 ժամ և նվազեցնել հավելավճարների քանակը: Նշենք, որ Եվրոպական միության միջին ցուցանիշը շաբաթական 35 աշխատաժամն է, ընդ որում՝ ամենաերկար աշխատաժամերը գրանցվել են հարավարևելյան Եվրոպայի երկրներում (մասնավորապես Հունաստանում), իսկ ամենակարճ աշխատաժամերը հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրներում (օրինակ՝ Սկանդինավյան եռյակում): Օրինագիծը նաև պարզեցնում է մարդկանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից հեռացնելու գործընթացները:

Բողոքի բազմահազարանոց երթերն ու ցույցերը բացի մայրաքաղաքից անցկացվում են նաև Մարսելում, Բորդոյում, Լիոնում, Գրենոբլում, Լիլում և այլ ֆրանսիական քաղաքներում:

Օրինագծի հակառակորդները համարում են այն ​​«պատմական հետընթաց»: Նրանք խոստանում են ավելի շատ մարդ փողոց դուրս բերել մարտի 12-ին և 31-ին: Ըստ France-Presse գործակալության անցկացրած հարցումների՝ Ֆրանսիայի ժողովրդի 70%- ը դեմ է կառավարության առաջարկած աշխատանքային օրենսդրության բարեփոխումներին: Օրենքի նախագծի դեմ անգամ առցանց հանրագիր է հրապարակվել, որն արդեն հասցրել է հավաքել ավելի քան 1 միլիոն ստորագրություն:

Այս շարժումը հսկա հարված է հասցնում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին և նրա Սոցիալիստական կուսակցությանը՝ հատկապես գալիք ընտրությունների նախաշեմին, որոնք ծրագրված են եկող 2017 թվականի գարնանը: Օլանդի առանց այդ էլ անկայուն վարկանիշի պարագայում այս նոր խնդիրն էլ ավելի կիջեցնի նրա հեղինակությունը, ինչն, ըստ քաղաքագետների, այժմ բացարձակ պետք չէր Օլանդին: